Եվրոպան չափազանց ուշ հասկացավ փախստականների հայրենիքներում առկա խնդիրները. Մերկել


19:06 , 1 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Եվրոպան չափազանց ուշ ուշադրություն դարձրեց, թե որքան անտանելի իրավիճակ է ստեղծվել այն երկրներում, որոնցից Եվրամիություն փախստականներ են գալիս. ինչպես տեղեկացնում է «Վզգլյադ»-ը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
 
«Չափազանց հստակ է, որ մենք Եվրոպայում շատ ուշ ուշադրություն դարձրինք, թե որքան անտանելի է վիճակն այն երկրներում, որտեղից գալիս են փախստականները, կամ նրանց հայրենիքի մոտակայքում։ Այնքան ուշ, որ մարդիկ այլ ելք չտեսան, քան իրենց ճակատագիրը հանցագործ փոխադրողների ձեռքը հանձնելը»,-ասել է նա։
 
Մերկելը նշել է, որ ապագայում իրենք ավելի ակտիվ են պայքարելու այդ փախուստի պատճառների դեմ, փորձելու են հակամարտությունների խաղաղ լուծում գտնել՝ այլ երկրների հետ միասին։
 
Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է համարում 2015 թվականի սեպտեմբերի սկզբի իր որոշումը՝ սիրիացի փախստականների համար սահմանը բացելու վերաբերյալ, Մերկելն ասել է. «Այո, Գերմանիան և Ավստրան որոշեցին հումանիտար աղետի լույսի ներքո չփակել իրենց սահմանները, որպեսզի այդ մարդիկ գան մեզ  մոտ»։
 
Կանցլերը նաև հավաստիացրել է, որ «բոլոր պետական ծրագրերը շարունակվելու են»՝ չնայած միգրացիոն ճգնաժամին։