21:46 , 30 հունվար, 2013
Մոտավորապես այս օրերին էր, 21 տարի առաջ: Ստեփանակերտում էինք: Շատ ԾԱՆՐ զգացումով: Պատրաստվում էինք ընկերոջ ճանապարհել Երևան... груз 200... Նա Եռաբլուրում է այժմ, ա՛յդ օրը դեռ հայտնի չէր՝ կհասնի Եռաբլուր, թե ոչ... Երևի կգա օրը, երբ մանրամասն կպատմեմ, կոնկրետ անուններով:
Նույն վայրում մեր ընկերոջ սպանողն էր պահվում, 24 տարեկան երիտասարդ: Դիպուկահար, որը գերեվարվեց զենքի հետ միասին: Սխալ չկար, ինքն էր սպանողը և առանց դեսուդենի կամ մատով կպչելու խոստովանել էր: Կոմանդոսն եկավ: Առաջին անգամն էր, որ նրա աչքերը թաց տեսա: Հետո՝ էլի: Ու էլի... ամեն անգամ, երբ տղաներից մեկին վերջին անգամ էինք ճամփում Երևան:
...
Մի անգամ արդեն հանդիպել էի էդ թուրք տղային: Ձեռքերը կապված էին: Արձակեցի ու խտացրած կաթ բացեցի: Ռիսկ չէր անում: Ստիպեցի, որ ուտի:
...
Գիտեի, որ երկրորդ ու վերջին անգամ եմ տեսնում: Ի՛նքը չգիտեր: Որ հիմա ախրանա են ասում, էն ժամանակ մի հսկող էր: Բայց՝ եսիմ ուր էր: Մոտեցա թուրքին, էդ պահին որտեղից որտեղ էս ախրանա կոչվածը հայտնվեց, հայաստանցի մի հաստավիզ էր: Ու պրիկլադով էս թուրքի դեմքին... Ես երևի մի 15 վրկ դիմացա դրա ջանի ճնշմանը: Ձեն տվի՝ Տիկոո.... արդեն գոռալով ՏԻԿՈՈոոոոոո.. Տիկոն հասավ իրա աժդահա մարմնով ու բառացի եմ նկարագրում. բռնեց սրա դոշից ու մազերից, կռացրեց ու ծնկով հագցրեց քիթ-բերանին:
-Արա, որ սրա ձեռը մի զենք տանք, քեզ պես տասին 100 մետրից կպառկացնի: Սենց խե՞ղճ ես տեսել ու քե՞զ ես ցույց տալիս...
Մեծ հաշվով՝ ես ի՞նչ... լրագրող... օպերատոր... Կորուստը Տիգրանինն էր: Իրենց ջոկատի ընկերն էր սպանվել: Ու ինքն էդ սպանողին էր պաշտպանում:
...
Առաջին օրը թուրքից իմացել էինք, որ ОМОН-ից չի, Ժողճակատից չի, կառավարական զորքից չի: Կամավոր էր: Դրա՛ շնորհիվ էր վաստակել իր փրկությունը:
( - Դու քո ազգի զինվորն ես: Քեզ ոչ ոք չի նվաստացնի: Դու կմահանաս որպես զինվոր: Կգնդակահարվես... )
...
Պատերազմական կյանքի դասերը չեն մոռացվում:
Մնացյալ ամբողջ կյանքի համար. եթե հարգանքի արժանի մեկն, այնուամենայնիվ, վաստակեց իր ոչնչացումը (իհարկե, ոչ ֆիզիկական), ապա դա պարտավոր ես անել հարգանքով:
Բայց՝ ոչնչացնես: Մահաթմա Գանդիի ամեն խոսք մարգարեություն չի:
Առողջ լինենք բոլորս: