14:22 , 1 հունիս, 2016
Բաքվի կենտրոնում կա 5-աստղանի մի անավարտ հյուրանոցի շենք, որը կողպված ու դատարկ է, գիշերը՝ մութ, բացառությամբ առագաստանման գագաթին առկայծող տառերի՝ TRUMP TOWER։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Շինարարությունը դադարեցվել է անցած տարի, երբ նավթով հարուստ երկրի տնտեսությունը փլուզվեց նավթի անկող գների պայմաններում։ Տեղացի սեփականատերը՝ 35-ամյա Անար Մամմադովը, որն առերեսվեց պոտենցիալ վիթխարի կորուստների, փորձում է վերաբանակցել պայմանագրերի շուրջ և բացել շենքը։ Բայց Դոնալդ Թրամփը, որը գրեթե գումար չի ներդրել նախագծում, իր անվան օգտագործման իրավունքի վաճառքից միլիոններ է ստացել։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն 2.5 մլն դոլար եկամուտ է ստացել նախագծից 2014-ի հունվարից 2015-ի հուլիս ընկած ժամանակահատվածում։
Ընտրվելու դեպքում Թրամփը կլինի ԱՄՆ առաջին նախագահը, որը կղեկավարի գլոբալ բիզնես կայսրություն, որը ներառում է 7 առողջավայրեր, հյուրանոցներ և այլ նախագծեր օտարերկրյա երկրներում, ավելի քան 11 օբյեկտ շինարարության ընթացքում են, կան շատ ավելիի ստեղծման պլաններ։
Որոշ բիզնես օբյեկտներ գտնվում են երկրներում, որտեղ ԱՄՆ-ը կարևոր տնտեսական և ազգային անվտանգության շահեր ունի։ Այդպիսի երկրներն են Թուրքիան, Ինդոնեզիան, ԱՄԷ-ն, Ադրբեջանը։ Դա կարող է Թրամփի անձնական բիզնես շահերը բախել նրա նախագահական պարտականությունների հետ՝ եզրակացնում է պարբերականը։