11:12 , 1 հունիս, 2016
Tert.am-ը գրում է.
Այսօր տրվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը։ «Ավրորա» մրցանակը փնտրում է այն մարդկանց անհատական պատմությունները, որոնք վտանգում են իրենց՝ հանուն դիմացինին օգնելու։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների, ամեն տարի ապրիլի 24-ին, Երևանում: «Ավրորա» մրցանակի դափնեկրին տրվում է 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և նրան ոգեշնչած բարեգործական կազմակերպություններին 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելու հնարավորություն։
Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուի, որն հաղթահարել է մարտահրավերներ՝ բացառիկ ազդեցություն գործելով մարդկային կյանքի փրկության և մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման վրա։ Մրցանակի չափանիշների նկարագրությունը կարելի է գտնել այստեղ։
«Ինչպես «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ես նույնպես ականատես եմ եղել սարսափելի վայրագությունների, որ մարդիկ ընդունակ են միմյանց հանդեպ իրագործել»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Էլի Վիզելը: «Դա բերել է խորը երախտագիտության զգացման այն մարդկանց հանդեպ, որոնք ռիսկի են ենթարկում սեփական կյանքը՝ հանուն իրենց նման մեկին օգնելու: Ահա այսպիսի մարդկանց ենք մեծարում «Ավրորա» մրցանակով»։
Այս տարվա ապրիլին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը դարձավ Բուրունդիի «Խաղաղության Տան» հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն։ Նա Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին փրկել և խնամել է 30,000 երեխաների, որբերի ու փախստականների։
«Ավրորա մրցանակն ասես մխիթարություն լիներ իմ և Բուրունդիի ամբողջ ժողովրդի համար,- ասել է Բարանկիցեն,- հաջողությունը քո ունեցածը չէ, այլ՝ քո ով լինելը։ Իմ առաքելությունը դարձել է բոլորին հույս տալը՝ հաջողության, կարեկցանքի և սիրո հույս։ Ես այնքան երախտապարտ եմ «Ավրորա» մրցանակին՝ պարգևած հնարավորության համար, շնորհակալ եմ իմ կողմից մրցանակի առաջադրված երեք կազմակերպություններին, և, իհարկե, Բուրունդիի ժողովրդին»։
Մարգարիտ Բարանկիցեն և 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները՝ Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ Թոմ Քաթինան, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար Սայիդա Ղուլամ Ֆաթիման և Կենտրոնաաֆրիկյան հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի քահանա Հայր Բերնարդ Կինվին, բացառիկ անձնազոհ մարդիկ են, որոնք իրենց մարդասիրությամբ փոխում են աշխարհը։
«Ավրորա» մրցանակը համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որով նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության տարիներին, բազմաթիվ հայերի փրկած խիզախներին։ «Ավրորա» մրցանակը երախտագիտության ավանդը փոխանցում է ապագային՝ շարունակելով նվիրատվության շղթան:
«Անցյալ տարի առաջադրումներ կատարելու կոչն օգնեց ճանաչելու մարդասիրության ասպարեզի բազմաթիվ հերոսների,- ասել է մրցանակի համահիմնադիր և Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը,- մենք մեծ սպասումով կրկին կոչ ենք անում աշխարհին առաջադրել նոր հավակնորդների, ինչի ընթացքում հույս ունենք աշխարհին պատմել և ճանաչման արժանացնել անձնազոհության և հույսի ավելի մեծ թվով ոգեշնչող պատմություններ»։
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա երկրորդ մրցանակը կշնորհվի 2017 թվականի ապրիլի 24-ին, Երևանում։