10:48 , 1 հունիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Հղի Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ հարուցված «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանի և Անժելա Աբելյանի վերաբերյալ քրեական գործը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերադարձվել է մեղադրողին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Նրա ներկայացմամբ, քրեական գործը վերադարձվել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի հիման վրա: Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է.
«Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից:
Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է 3, իսկ մնացած դեպքերում` 7 օրվանից ավելի լինի»:
Ավելի վաղ վկայակոչելով Քննչական կոմիտեին, Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Մ.Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ