Բունդեսթագի պատգամավորներին սպառնում են Հայոց ցեղասպանության բանաձեւի պատճառով


23:35 , 31 մայիս, 2016

Bundestag-2-2Araratnews.am-ը գրում է.

Բունդեսթագի պատգամավորները վերջին օրերին էլեկտրոնային փոստով սպառնալիքներ եւ վիրավորանքներ են ստանում՝ կապված բանաձեւի ընդունման ծրագրերի հետ, որում «Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները ցեղասպանություն են բնորոշվում»: Այս մասին գրում է Spiegel Online-ը:

Բոլոր խմբակցություններում նշել են, որ իրենց պատգամավորները, հատկապես՝ թուրքական արմատներով խորհրդարանականները, վիրավորանքով լի նամակներ են ստացել: Բանաձեւի նախագծի հեղինակ, «կանաչների» համանախագահ Ջեմ Օզդեմիրը տեղեկացրել է, որ էլեկտրոնային փոստով, Facebook-ով եւ Twitter-ով ստացված նամակներում անհայտ անձինք իրեն «դավաճան», «հայ ահաբեկիչ» եւ նույնիսկ «նացիստ» են կոչել:

Որոշ լրագրողներ, որոնք այս թեման լուսաբանելիս «ցեղասպանություն» եզրույթն են օգտագործել, այսպիսի սպառնալիքներ են ստացել. «Դու կմեռնես՝ ինչպես Հրանտ Դինքը»:

Spiegel-ի տվյալներով, այս օրերին Բունդեսթագի պատգամավորներն ու լրագրողները հազարավոր էլեկտրոնային հաղորդագրություններ են ստանում, որոնցում բողոք է արտահայտվում բանաձեւի ընդունման առիթով:

Ըստ ՏԱՍՍ-ի, Բունդեսթագը ծրագրում է բանաձեւի նախագիծը քննարկել հունիսի 2-ին: Դրանում «ցեղասպանություն» բառը հանդիպում է չորս անգամ: