11:15 , 30 հունվար, 2013
Ակամա հետեւում եմ մի ֆիլմի մասին ծավալված քննարկումներին ու մի տեսակ նեղվում եմ, ինքը բանավեճը ախար շատ գավառական ա, անիմաստ։
Հայաստանի արվեստի գլոբալ խնդիրներից է գրագետ, բայց դաժան, անգութ, երբեմն ցինիկ քննադատության բացակայությունը, ընդ որում՝ արվեստի բոլոր բնագավառներում: Մեր հանդիսատեսը շատ բարեհամբույր է, բարեկամական, ընկերական կապերը թույլ չեն տալիս մտածածը ասել (նույնիսկ այն դեպքում, երբ էդ ասելիքը ունես), շուկան էլ՝ պստիկ, մեկ էլ ու մարդու հացին խփես, լավ չի: Չկան հանդեսներ, սյունակներ թերթերում, ամսագրեր: Բայց աշխարհում փիդրելն ու քլնգելը (էլի եմ ասում՝ խոսքը մասնագիտականի մասին է) անփոխարինելի են: Օրինակ՝ եթե Նյու Յորքում նոր բեմականացում է տեղի ունենում, բեմադրիչը սարսափով սպասում է, ասենք, New York Times-ի քննադատը ինչ կգրի, ավելի ճիշտ՝ հերձման ենթարկի մինչեւ ուղնուծուծը: Ու իրական արժեքավոր ստեղծագործությունը այն է, որը էդ ամեն ինչի միջով անցնելուց հետո կապացուցի իր կենսունակությունը: Մի հատ նայեք Գորդոնի հաղորդումը՝ «Закрытый показ», հեղինակներին սարքում են փալաս, էն աշխարհ տանում-հետ բերում, ու ոչ ոք չի ասում, դե հերիք ա վատաբանեք, չէ, պաշտպանվում են, հակահարձակվում: Դա է միակ ճանապարհը: Այսինքն՝ անպայման ու հատուկ քլնգելը չէ, բայց անպայման մտածելը, վերլուծելը, հետո վիճելը: Վեճը պարտադիր է, սուր, կատաղած, կարելի է իրար վրա առարկաներ շպրտել, երբ զգում ես, որ զգացածդ չես կարողանում արտահայտել խոսքով, բայց կռիվը պետք է բուն իմաստի շուրջ պտտվի, մի կողմից՝ առանց տաբուների, մյուս կողմից՝ ստեղծագործության սահմաններից դուրս չգալով:
Հատուկ չեմ գրում, թե որ ֆիլմի մասին է խոսքը, էական չի, ուղղակի օրինակ է: Հարգարժան ընկերներից մեկը գրում է. «Ֆիլմը դիտեցի, ճիշտն ասած, կերպարները լավ չէին բացահայտված, սյուժեն թերի էր, կային բազմաթիվ պատմական անճշտություններ, դերասանների ընտրությունը հարցական էր եւ այլն, բայց ընդհանուր առմամբ ֆիլմը ստացվել էր»: Եղբայր, դե բա էլ ի՞նչն է ստացվել, հետաքրքիր ա շատ: Էն որ գործ է արվել, մարդիկ չարչարվել են, դա հեչ կարեւոր չէ, արվեստի բարդագույն ստեղծագործությունը հաջողված է միայն այն դեպքում, երբ ստեղծագործողի տանջանքը չի երեւում: Ռեքվիեմը լսելիս չես մտածում, թե Մոցարտը քանի աշխատանքային ժամ ա ծախսել, ոչ էլ թանաքի ծախսի մասին: Կամ եթե ավելի մասսայական արվեստից խոսանք, նույն Հոլիվուդում մեկը 100 միլիոն ճարում ա, ծախսում ա, հետո միլիարդ ա աշխատում, մյուսն էլ ճարում-ծախսում ա, մի դոլար էլ հետ չի բերում, ու կյանքը ավարտում ա որեւէ կամրջի տակ:
Մեկ էլ որ ասում են, բա դո՞ւք ինչ եք արել, որ քննադատում եք, էդ լրիվ վերջն ա: Եթե ինձ համար չի նկարվել/գրվել, թող ինձ ցույց չտան, ես էլ չեմ քննադատի: Կամ, ասենք, ով ու ինչ ա կառուցել, որ իրավունք ա ստացել Գրիգոր Աղաբաբյանի կառուցած շուկան «ձեւափոխել»:
Ճարտարապետության հարցում նույնն է, մենք չենք քննարկում բուն ճարտարապետությունը, երկու կատեգորիա կա ընդամենը՝ «սիրուն ա» ու «սիրուն չի»:
Լավ, շատ խոսեցի, բարի գիշեր:
Հ.Գ. Ֆիլմը չեմ տեսել, կնայեմ, կարծիքս հիմնավորված կգրեմ, ով նեղանա՝ նեղանա, ով ուրախանա՝ ուրախանա: