France-Presse-ը մանրամասներ է ներկայացրել Գերմանիայի խորհրդարանի օրակարգում հայտնված Հայոց ցեղասպանության մասին բանաձևից


17:29 , 27 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Գերմանիայի խորհրդարանը բանաձև է մշակել, որը հայերի կոտորածներն Օսմանյան կայսրությունում որակում է որպես «ցեղասպանություն»՝ քայլ, որը կարող է առաջացնել Թուրքիայի զայրույթը, գրում է Agence France-Presse-ը:
 
Իշխող կոալիցիայի և ընդդիմադիր Կանաչների կողմից մշակված «1915 և 1916 թվականներին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակում և ոգեկոչում» բանաձևը քվեարկության կդրվի խորհրդարանում հաջորդ շաբաթ:
 
Բանաձևի նախագիծը հայտնվել է AFP-ի տրամադրության տակ, այն պարունակում է «ցեղասպանություն» բառը: Գործակալությունը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն օգտագործել է այդ բառը 1915 թվականի դեպքերը նկարագրելու համար՝ առաջացնելով Թուրքիայի զայրույթը:
 
Հայերի դեմ իրականացված ոճրագործությունների վերաբերյալ՝ տեքստում ասվում է. «Նրանց ճակատագիրը զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների, արտաքսումների և իսկապես ցեղասպանությունների օրինակ է, որն այդպիսի սարսափելի կերպով բնորոշեց 20-րդ դարը»:
 
Ինչպես Գաուկն է նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ, այնպես էլ բանաձևում է նշվում, որ «Գերմանական կայսրությունը մասնակի պատասխանատվություն է կրում այդ դեպքերի համար»:
 
«Բունդեսթագն ընդունում  է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը: Դա ներառում է Թուրքիային և Հայաստանին անհրաժեշտ աջակցության տրամադրում՝ անցյալը հետևում թողնելու և հասկանալու ու հաշտեցման ուղիներ փնտրելու համար»,- ասված է նախնական տեքստում:
 
Այն հավելում է, որ «հաշտեցման գործընթացը կանգ է առել վերջին տարիներին և շուտափույթ նոր խթանի կարիք ունի»:
 
AFP-ն հիշեցնում է, որ Գաուկը դարձել է գերմանացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ 1915-ի դեպքերը նկարագրելու համար: Նա նաև ընդգծել է Գերմանիայի պատասխանատվությունը՝ ասելով, որ կայսրությունը, որն այն ժամանակ դաշնակից էր օսմանցիների հետ, զինվորներ է տեղակայել, ովքեր մասնակցել են հայերի տեղահանումներին: Նա հավելել է, որ գերմանացի դիվանագետները և դիտորդները, որոնք տեղյակ էին պահում Բեռլինին իրենց աչքով տեսած վայրագությունների մասին, «անուշադրության են մատնվել»՝ Օսմանյան Թուրքիայի հետ հարաբերությունները վտանգելու մտավախության պատճառով:
 
Ինչպես գրում է գործակալությունը, բանաձևը կարող է է՛լ ավելի փորձության ենթարկել Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները, որոնք արդեն վատթարացել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին գերմանացի երգիծաբանի ծաղրական բանաստեղծությունից հետո առաջացած սկանդալի պատճառով։

Այս նոր լարվածությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ աճում են մտավախությունները, որ փախստականների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված հակասական գործարքը կարող է տապալվել։