Խաղողագործներին դեռ պարտք են 8-10 ընկերություններ


14:46 , 27 մայիս, 2016

521BFBBC-C629-4681-AE44-489ED18D1595_cx0_cy1_cw0_mw1024_s_n_r1Araratnews.am-ը գրում է.

Վերջին տվյալներով վերամշակող ընկերությունները խաղողագործներին պարտք են մոտավորապես 1.8 մլդ դրամ. այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղանտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ անդրադառնալով խաղողից արտադրված ապրանքի իրացման հետ կապված խնդիրներին և դրանց պատճառով առաջացած պարտքերին.«Հիմնական խնդիրներից էր իրացման ծավալների նվազումը, որը կախված էր ռուսական ռուբլու արժեզրկումից, իսկ մեր գինու և կոնյակի վերամշակված արտադրանքների հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է: Մյուս խնդիրն անցած տարվա խաղողի աննախադեպ բերքն էր: Խնդիրներ էր առաջացնում նաև, որ գյուղացիները պայմանագրեր չէին կնքել վերամշակող ընկերությունների հետ»:

Ռոբերտ Մակարյանը նաև հավելեց, որ վերամշակողներից մեծ պարտքեր ունեն 8-10 ընկերություններ:

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն էլ նշեց.«Այսօր խաղողագործը գտնվում է շատ ծանր ֆինանսատնտեսական վիճակում, մեծ խնդրներ են ունեցել առաջինն իրենց ապրելակերպի հետ կապված, հետո բանկերի հետ, ունեին վարկային մեծ պարտավորվածություններ, որոնց հետ կապված կան նաև ժամկետանցներ, որոնք գտնվում են դատարանում ու հարկայինում»:

Արտակ Սարգսյանը նաև ասաց, որ 2016 թվականի խաղողի մթերման սեզոնին մնացել  է մոտավորապես 4 ամիս ,և իրենք այս պահի դրությամբ խաղողագործներին առաջարկելու ոչինչ չունեն.«Մենք այս տարի բերք ունենք և խնդրում ենք, որ մեզ ուղղորդեն՝ իմանանք, թե որտեղ ենք մեր խաղողը վաճառելու»:

Պարտք ունեցող ընկերություններից մեկի՝ «Շահնազարյան գինու կոնյակի տուն» ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Շահնազարյանը խոստացավ, որ ամեն ինչ կանեն 1.5 ամսից ամբողջ պարտքը մարելու համար և պատճառաբանեց, որ եկամուտների պակաս ունեն.«Այս պահին դեռ 270 մլն դրամ պարտք ենք: Մեր գումարների մեծ մասն էլ կառավարության օգնությամբ վերցրած վարկի միջոցով փակեցինք»: