19:01 , 29 հունվար, 2013
Նախագահական ընտրություններ 2013: 8 թեկնածու, և թվում է, թե այնքան թեժ պայքար է ընթանալու այդ 8 թեկնածուների միջև, որ ոմանք նույնիսկ թուր-կեծակիով են պատրաստվում դուրս գալ մարտի: Բայց դա, իհարկե, ամենևին էլ այդպես չէ, մեր ընտրական մեխանիզմը տարիներ շարունակ գործել ու ծառայել է իր «նպատակին», և այս անգամը ևս բացառություն չի լինելու: Ըստ դիալեկտիայի սկզբունքի` քանակական փոփոխությունները բերում են որակական փոփոխությունների, բայց ոչ մեր նախագահական ընտրությունների դեպքում: Այս դեպքում քանակը, ցավոք սրտի, որակ չապահովեց: Այնքան հեշտ է դարձել արթնանալ ու որոշել դնել սեփական անձի թեկնածություն, ինչ արթնանալ ու հենց այնպես որոշել գնալ զբոսանքի: Իսկ պատճառը, ըստ իս, թեկնածուների` նախագահի պաշտոնին ոչ բավականաչափ լուրջ վերաբերվելն է, դե չհաշված նրանց, ովքեր նախընտրում են ուղղակի ձայն փախցնել: Ցանկացած անձ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ անցկացնում է իր մտքով՝ «իսկ ինչ, եթե ես նախագահ լինեի», ու այդ պահին նրա աչքի առաջ են հառնում անթիվ, անհամար ավտոմեքենաներ, առանձնատներ, թանկարժեք կոստյումներ, ճոխ սեղաններ… Բայց ոչ մեկի մտքով չի անցնում հետևյալը՝ անթիվ, անհամար պայմանագրեր ու թղթեր, կարևորագույն հանդիպումներ ու չլուծված խնդիրներ և ընդհանրապես ԵՐԿԻՐ, որը կանգնած է կոլապսի եզրին, որը գտնվում է պատերազմական կիզակետում և գերտերությունների համար շատ գրավիչ դիրքերից մեկում: Երկիր, որտեղ ճեղքվածքը աղքատների ու հարուստների միջև այնքան լայն է, որ ժողովրդի մի մասը ուտում է ֆրանսիական բյուֆշտեքս, մյուս մասը` ուրախանում դրա մնացորդներով: Երկիր, որի սփյուռքի թվաքանակը կրկնակի ավել է երկրի բնակչությունից, ծնելիությունը` անքան ցածր, որ նման տեմպերի պահպանման դեպքում 2 դար անց Հայաստան քարտեզի վրա կարող է ընդհանրապես գոյություն չունենալ: Երկիր, որի ամենախելացի ու պոտենցիալ ունեցող երիտասարդները լքում են իրենց հայրենիքը, իսկ ծույլ մասսան շարունակում մնալ երկրում, որովհետև այնքան ծույլ է, որ անգամ չի էլ հետաքրքրվում, թե մնացածը ինչու և ուր են գնում: Փոքրիկ երկիր, փոքրիկ տնտեսություն: Տնտեսություն, որը իրենից ներկայացնում է մի մեծ սարդոստայն, որի սարդերը մոնոպոլիստներն են, իսկ սարդոստայնն էլ նրանց կառուցած «տնտեսությունը», որը ավելի շատ հիշեցնում է «տնային տնտեսության». ինչու տնայի՞ն, որովհետև կոչված է մոնոպոլիստների տները պահելու համար: Երկիր, որտեղ կոռուպցիան այնքան սովորական երևույթ է, ինչքան աղբը փողոցի հենց մեջտեղում գցելը: Աշխարհի այն ամենաքիչ երկրներից մեկը, որտեղ կա էխինոկոկ հիվանդություն, որտեղ չկա տուրիզմ, որտեղ մայրաքաղաքը մեկն է` հյուսիսային պողոտան, որտեղ ոստիկանությունը գալիս է փրկության 2 ժամ անց, իսկ առողջապահության ոլորտը քիչ ավելի շուտ` 1 ու կես ժամ անց:
«Երկիրը երկիր չի» նախադասությունը կարծես դարձել է հայ ազգի նշանաբանը ու արդարացումը ամեն ինչի համար: Շատերն էլ մտածում են, որ արդեն անհնար է դուրս գալ այս ճահճից ու փախչում են երկրից: Բայց ամեն ինչ կախված է ճիշտ ու հայրենասեր ղեկավար ընտրելուց: Օրինակ՝ վերցնենք հենց Սինգապուրը. երկիր, որը անկախանալուց հետո նույնիսկ խմելու ջուր չուներ և ներկրում էր Մալազիայից, բայց ճիշտ նախագահի` Լի Կուան Յուի շնորհիվ Սինգապուրը դարձավ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Գաղտնիքը հետևյալն էր՝ ազգը և նախագահը ունեին մեկ ցանկություն` լավ ապագա իրենց հայրենիքին: Ես չէի ցանկանա, որ հայերը միմյանց մեջ տեսնեին կուսակցականների` այսինչ-ական, այնինչ-ական….ես կցանկանայի, որ իմ ազգը կողմորոշվեր իր ցանկության մեջ: Ես` 19 տարեկան երիտասարդ աղջիկս, խնդրում եմ իմ երկրի նախագահի թեկնածուներին, գոնե 1 րոպե մտածել այս ամենի մասին մինչև ձեր առաջադրվելը ու թեկուզև ընտրվելը. կարծում եմ՝ դա կբխի միայն մեր երկրի շահերից, եթե իհարկե երկրի շահերն են, որ ձեզ հուզում են: