Բանակցվող բոլոր փաստաթղթերում կա կետ, որ առանց ԼՂ-ի անհնար կլինի որևէ փաստաթղթի մշակում ու կնքում. Է. Նալբանդյան


16:44 , 26 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Աշխատանքային բոլոր փաստաթղթերում, որոնք դրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային սեղանին, առկա է ԼՂ-ն որպես բանակցային կողմ ճանաչելու Հայաստանի պահանջը:

ԱԺ-ում 2015թ.-ի պետական բյուջեի կատարողականի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցադրմանը:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում հետևողականորեն (մինչև անգամ քառօրյա պատերազմը) բանակցել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շուրջ՝ ի հեճուկս  նրա, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղված հենց Ադրբեջանի պատճառով: «ԱԳՆ-ից ասում են, թե Ադրբեջանը չի համաձայնում, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ: Սա տարօրինակ պատասխան է: Ստացվում է, որ ՀՀ պաշտոնական դիրքորոշման հարցում Ադրբեջանի մոտեցումը որոշի՞չ է դառնում»,- հարցրեց պատգամավորը:

Էդվարդ Նալբանդյանը նախ հերքեց՝ ՀՀ ԱԳՆ-ից նման պաշտոնական պատասխան չի հնչեց, ապա ասաց. «Ես չեմ ասել նման բան: Չեմ կարծում, որ պաշտոնապես ԱԳՆ-ից որևէ մեկը նման բան է ասել: Մենք միշտ դնում ենք այդ հարցը, որ ԼՂ-ն պետք է դառնա բանակցային կողմ: Վստահեցնում եմ, որ աշխատանքային բոլոր փաստաթղթերում, որոնք մինչ այսօր քննարկվել, բանակցվել են, որոնք դրվել են Վիեննայում ի պահ գլխավոր քարտուղարության, կա այն կետը, որ ԼՂ-ն պետք է մասնակցի համապատասխան բանակցություններին և առանց ԼՂ մասնակցության անհնար կլինի որևէ փաստաթղթի մշակում ու կնքում»:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական պայմանագրին՝ 200 միլիոնի վարկի դիմաց զենք ներկրելու մասին, ապա Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու կողմից էլ  կան համապատասխան բանակցող պատասխանատուներ, որոնք այդ գործընթացը տանում են: «ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ օրերս հայտարարվեց, որ հնարավոր ջանքեր են գործադրում, որ արագացված ձևով ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվեն: Չեմ կարծում, որ այստեղ ավելի էմոցիոնալ հայտարարությունները կօգնեն, որ գործընթացն արագ լինի, արդյունավետ»,- նշեց ԱԳ նախարարը: