Իրավապահները զբաղվում են Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությամբ


21:26 , 24 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Իրավապահ մարմինները զբաղվում են Լեհաստանի Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ Զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությամբ:

 Փաստաբան Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքելով` նշել է ՀՀ պաշտպանության  նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Փաստաբան Գարիկ Գալիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Լեհաստանում, մասնավորապես՝ Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում, վաճառվում են պահածոներ, որոնք նախատեսված են եղել ՀՀ ԶՈւ զինվորների համար:

«Այդ ապրանքների պիտակների վրա հայերեն նշվում է «Զինվորի բաժին» և «վաճառքի ենթակա չէ», իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է»,- գրել է Գալիկյանը և որպես ապացույց հրապարակել  Լեհաստանում ապրող ընկերոջից ստացված լուսանկարները:

Փաստաբանը նշել է, որ զինվորական համազգեստի հետ միասին այդ օրապահիկն արժե 500 զլոտի, այսինքն` 160 դոլար:

«Հարգելիներս, այս հարցով արդեն իրավապահ մարմինները զբաղվում են: Մենք դիմել ենք բոլոր համապատասխան ատյաններին», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը: