Կալանավորվել են տրանսպորտի և կապի նախարար Բեգլարյանի թիկնապահները


15:38 , 24 մայիս, 2016

Արխիվ -- Գագիկ Բեգլարյանը պատասխանում է լրագրողների հարցերին, Երևան, 10-ը հունիսի, 2013թ․Azatutyun.am-ը գրում է.

Կալանավորվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները՝ այս մասին «Ազատությանը» այսօր հայտնեցին Գլխավոր դատախազության hանրային կապերի բաժնից:

«Տեղի է ունեցել ծեծկռտուք, որի առթիվ հարուցվել է քրեական գործ 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կան ձերբակալված և կալանավորված անձինք, այդ թվում նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել, նախաքննությունը կատարվում է Քննչական կոմիտեի կողմից»,- ասացին Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից:

ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասը՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

Նախարար Գագիկ Բեգլարյանից և Քննչական կոմիտեի այս պահի դրությամբ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ:

Սա առաջին դեպքը, որ Գագիկ Բեգլարյանի անունը կապվում է ծեծկռտուքի հետ: 2010թ․ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ նա ծեծի է ենթարկել Հանրապետության նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին: Լրատվամիջոցները գրեցին նաև, որ ծեծի մասնակցել են Բեգլարյանի թիկնապահները:

Հայաստանի նախագահի այն ժամանակվա մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ըստ էության, հաստատեց, որ Գագիկ Բեգլարյանը ծեծի է ենթարկել Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Դեպքից հինգ օր անց՝ դեկտեմբերի 8-ին Բեգլարյանը, ով այդ ժամանակ Երևանի քաղաքապետն էր, հրաժարականի դիմում ներկայացրեց:

Հատկանշական է, որ չնայած այս հրապարակումներին ու հայտարարությանը, որևէ մեկը այդպես էլ քրեական պատասխանատվության չենթարկվեց: