ԱԻՆ-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու էր եկել ոչ թե նախարարը, այլ՝ նրա տեղակալը. Նաիրա Զոհրաբյանը լքեց դահլիճը


15:36 , 23 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

2015թ.-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լքեց դահլիճը, որովհետև Արտակարգ իրավիճակների նախարարության կատարողականը ներկայացնելու էր եկել ոչ թե նախարար Արմեն Երիցյանը, այլ՝ նրա տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:


«Մենք ամեն տարի առաջարկում ենք, որ այստեղ հարցը ներկայացնեն գերատեսչության ղեկավարները: Ես մեծագույն հարգանք ունեմ բոլոր փոխնախարարների, տեղակալների, փոխղեկավարների հանդեպ, բայց նախարարները կարող են իրենց սրբազան ժամանակից մեկ ժամ հատկացնել ու պատասխանել հարցերին: Ես կարծում եմ, որ նույնքան անհարգալից կլիներ, եթե այստեղ մեր փոխարեն գային խմբակցությունների փորձագետները, ու նրանք լսեին հաշվետվությունը»,- հարց հնչեցրեց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ սա ընդգծված վերաբերմունք է խորհրդարանի հանդեպ:


«Ես հիմա դուրս գամ ու իմ փոխարեն կուղարկեմ փորձագետին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:


Նիստը վարող ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հորդորեց պատասխանը լսել, մինչ դահլիճը լսելը: Նա ասաց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն նշված է, որ վարչապետը ինքն է որոշում, թե ովքեր են մասնակցելու նիստին, ովքեր են լիազորված: «Այս անգամ լիազորված են տեղակալները: Իհարկե, մենք մտահոգված ենք, որ ղեկավարները անձամբ չեն մասնակցում: Իհարկե, ցանկալի է, որ ներկայացնեն գերատեսչությունների ղեկավարները, բայց վարչապետն այդպես է որոշել»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Հայկարամ Մխիթարյանն էլ ասաց, թե Արմեն Երիցյանը պաշտոնական արձակուրդում է, դրա համար չի ժամանել: «Ես էլ եմ պաշտոնական արձակուրդում»,- հակադարձեց Նաիրա Զոհրաբյանն ու լքեց դահլիճը: