Թուրքիան նոր վարչապետ ունի


05:30 , 23 մայիս, 2016
Թուրքիան այլևս ունի նոր վարչապետ ի դեմս Բինալի Յըլդըրըմի: Այսօր, մայիսի 22-ին, Անկարայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը անցկացրեց արտահերթ համագումար, որի ժամանակ ընտրվեց կուսակցության նախագահ և վարչապետ: Կուսակցության նախագահությունը նույնպես վստահվեց Բինալի Յըլդըրըմին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին իր հավատարմությունն է հայտնել Էրդողանին, նա վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնում իր առաջին ելույթը սկսել է հետևյալ կերպ. «Մեր առաջնորդը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի ճարտարապետն է, այն ճարտարապետը, ով Թուրքիան կդարձնի պայծառ ու արևային երկիր»:
Նա իր ելույթում անդրադարձել է նաև PKK-ին, ևս մենկ անգամ հաստատելով Էրդողանի վարած քաղաքականությունն այս ուղղությամբ. «Մինչև վերջին ահաբեկիչը պետք է մաքրվի մեր երկրից», - ասել է Յըլդըրըմը:
Յըլդըրըմի ելույթի մեխը եղել է Էրդողնի նկատմամաբ իր հավատարմությունը: Նա անգամ զավեշտի հասնող հայտարարություն է կատարել:
«Ես Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճանապարհի ընկերն եմ, ճակատագրի ընկերն եմ, սրտի ընկերն եմ: Սրանից հետո էլ դա է շարունակվելու, նախագահին խոստանում, որ նրա սերը իմ սերն է լինելու, նրա դատը՝ իմ դատը, նրա ճանապարհը՝ իմ ճանապարհը», - իր ելույթում ասել է նորանշանակ վարչապետը:
Էրդողանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ահմեդ Դավութօղլուն և մաղթել հաջողություն հետագա քաղաքական կյանքում: Կուլիսներում խոսվում է, որ Դավութօղլուն պատրաստվում հիմնել նոր կուսակցություն, որը կլինի Էրդողանի հիմնական ընդդիմախոսը: