Ալիևն ու Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Վիեննայի հանդիպման արդյունքները


15:30 , 22 մայիս, 2016

168.am-ը գրում է.

Մայիսի 20-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

APA-ի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում կայացել է ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների դինամիկայի հաջող զարգացման քննարկում:

Իլհամ Ալիևը հիշեցրել է այս տարվա մարտի վերջին Վաշինգտոնում Բայդենի հետ հանդիպման մասին: ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է հանդիպման ժամանակ արդյունավետ քննարկումների անցկացումը:

Միաժամանակ, կարևորվել է մայիսի 16-ին Վիեննայում ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացած հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Իլհամ Ալիևը կարևորել է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների: