Վարչապետը գառնեցիներին ասաց, որ Ազատ գետի կիրճում վերսկսված շինաշխատանքները դադարեցվում են


16:30 , 21 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Գառնի համայնքի բնակիչներն այսօր կրկին՝ արդեն վեցերորդ անգամ փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը:

16։54

Նկատելով, որ փողոցը փակ լինելու պատճառով տուրիստական ավտոբուսները չեն կարողանում Գառնի շարժվել, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Գոնե տուրիստներին թողեք գնան… Մենք ինքներս ենք հասկանում, տեսնում ենք մեր սխալը, եթե ծրագրերում սխալներ են լինում, թերություններ, բայց փողոց փակելը ոչ մի բան չի փոխում, պետություն կա, կբացեինք… »:


16։51

Ազատ գետի կիրճում վերսկսված շինաշխատանքները դադարեցվում են: Այս մասին Գառնիում բողոքարկող գյուղացիների հետ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:


Գառնեցիների պահանջով, ովքեր մի քանի օր է փակել էին Գառնի-Երևան ավտոճանապարհը, Հովիկ Աբրահամյանը գնացել էր իրենց հետ հանդիպելու: Գյուղացիների հակափաստարկները լսելով Հովիկ Աբրահամյանն ասաց. «Լավ, ես խոստանում եմ, ծրագիրը դադարեցնում ենք, տեխնիկան հանում ենք, չեղարկում ենք,  հիմա ճանապարհը բացում եք…»:


Գյուղացիներն էլ ասացին, որ մինչև իրենց աչքով չտեսնեն, թե ինչպես է տեխնիկան դուրս բերվում, չեն բացի ճանապարհը:
 


16։12


Քիչ առաջ Գառնի-Երևան ավտոճանապարհը փակած գյուղացիների մոտ եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ: tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ իրավիճակը բավական լարված է, գյուղացիները շրջապատել են պաշտոնյաներին, վանկարկում են՝ «չեղարկում», չեն թողնում գործադիր մարմնի ղեկավարին ու նախարարներին առաջանալ դեպի մարզպետարան: 


Ավելի վաղ հայտնել էինք, որ գառնեցիները շարունակում են պահանջել չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից:
 


Նրանք շարունակում են պահանջել չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից:


Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ գյուղացիները պահանջում են անձամբ վարչապետը ներկայանա ու պատասխանի իրենց հարցերին:


Երեկ, երբ Գառնիի բնակիչները նույն պահանջով փակել էին փողոցը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը խոստացել էր, որ վարչապետը կհանդիպի գյուղացիների հետ, սակայն այսօր նրա բացակայությունը պատճառաբանեց Հայաստանում ընթացող ԵՏՄ նախարարների նիստով: Մարզպետն առաջարկեց խումբ կազմել և գնալ վարչապետի մոտ, բայց գյուղացիները հրաժարվեցին՝ նշելով, որ իշխանությունները գան, քանի որ կոչված են  ծառայելու ժողովրդին:


Գառնիի բնակիչներն ասում են, ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղեր, որտեղ, ըստ գառնեցիների, մի շարք պաշտոնյաների պատկանող այգիներն են:


Գառնեցիները պատմել են, որ երեք օր է արդեն Ազատ գետի կիրճում վերսկսվել են շինաշխատանքներ, ավելի մեծ թափով և նախկին 3 տեխնիկայի փոխարեն այժմ այնտեղ աշխատում է 6 տեխնիկա: