13:18 , 21 մայիս, 2016
Panorama.am-ը գրում է.
Գարնանը ալերգիկ հիվանդությունները սովորաբար սկսում են «գլուխ բարձրացնել»: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական մանկական ալերգոլոգիական դիսպանսերի պատասխանատու, ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը, գարնանը հատկապես ի հայտ են գալիս այն ալերգիաները, որոնք սովորաբար արտահայտվում են հարբուխի երևույթներով՝ աչքի, քթի քորով, փռշտոցով, կոկորդի, ականջի քորով, և այս երևույթները կարող են տևել ամիսներ:
Ալերգոլոգի խոսքերով՝ Հայաստանում ամենատարածվածը մարգագետնային խոտերի ծաղկափոշիներն են, որոնց նկատմամբ ալերգիան գերակշռող է: Դրա սեզոնն սկսվում է ապրիլի կեսերից և ավարտվում սեպտեմբերին: Այսինքն՝ Հայաստանում շնչառական ալերգիաների համար ռիսկային է համարվում ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը:
Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ ալերգիաները ներկայումս չեն համարվում անբուժելի խնդիր և Հայաստանում հասանելի են վերջնական բուժման դեղորայքները, ուստի հիվանդին առաջարկում են և՛վերջնական, և՛ ժամանակավոր լուծում:
«Ավելի հաճախ սեզոնային ալերգիաները սկսում են հենց մանկական տարիքում, վաղ հասակում երեխաներն ունենում են ատոպիկ դերմատիտ կոչվող երևույթը, որն արտահայտվում է մաշկի չորությամբ, այտերի կարմրությամբ, գլխի շրջանում թեփով: Այդ երեխաները հակում ունեն ավելի ուշ ձեռք բերելու այլ ալերգիկ հիվանդություններ»,-ասաց ալերգոլոգը՝ հավելելով, որ նման երեխաներին նշանակում են մաշկի խնամք, իսկ դպրոցական տարիքում արդեն անհրաժեշտ է լինում հետազոտություն անցնել, ճշտելու, թե կոնկրետ որ ալերգենների նկատմամբ գերզգայություն ունի տվյալ երեխան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ