00:56 , 21 մայիս, 2016
Անքնությունն այսօր քնի ամենատարծված խանգարումներից մեկն է։ Շատ մարդիկ ծանր աշխատանքային օրվանից հետո չեն կարողանում քնել՝ չնայած իրենց հոգնածությանը։Իսկ ինչպես կարելի է պայքարել անքնության դեմ:
Ահա մասնագետի մի քանի խորհուրդ.
1. Պահպանեք քնի ռեժիմը
Փորձեք քնել եւ արթնանալ նույն ժամին՝ անկախ շաբաթվա օրից։ Եթե Դուք հանգստյան օրերին էլ պահպանեք քնի ռեժիմը, ապա օրգանիզմը դրան կընտելանա եւ անքնության հետ կապված ոչ մի խնդիր չի լինի։
2. Պառկեք քնելու, երբ քնկոտություն եք զգում
Մի պառկեք քնելու, եթե քնել չեք ցանկանում. Դուք դժվար թե կարողանաք քնել։
3. Անկողնում երկար արթուն մի մնացեք
Եթե զգում եք, որ չեք կարողանում քնել, ապա անկողնում երկար մի մնացեք. վեր կացեք, քայլեք, գիրք կարդացեք կամ հեռուստացույց դիտեք։ Վերադարձեք անկողին միայն այն ժամանակ, երբ զգում եք, որ իսկապես քնել եք ուզում։
4. Անկողնում կողմանկի բաներով մի զբաղվեք
Շատ մարդիկ անկողնում նստած կամ պառկած գիրք կարդալու, հեռախոսով խոսելու, պլանշետով խաղալու, հեռուստացույց դիտելու սովորություն ունեն։ Այս բոլոր սովորությունները բավականին վնասակար են եւ կարող են անքնության առաջացման պատճառ դառնա, կարծում է Սամսոն Խաչատրյանը։ Անկողինը պետք է ասոցացվի միայն քնի եւ սեքսի հետ, այդ պատճառով ոչ մի ուրիշ բան այնտեղ մի արեք։
Եթե անկողինը միայն քնելու համար օգտագործվի, ապա օրգանիզմը այն տեսնելիս միանգամից կհասկանա, որ պետք է քնել, եւ այս պարագայում անքնության խնդիր չի առաջանա։
5. Հետեւեք Ձեր սննդակարգին
Շատ մասնագետներ նաեւ խորհուրդ են տալիս քնելուց առաջ դժվարամարս սնունդ չօգտագործել։ Դրա փոխարեն կարելի է ուտել քունը բարելավող մթերքներ։
Եթե Դուք հստակ կատարում եք վերը նշված բոլոր խորհուրդները եւ անքնությունը Ձեզ չի «լքում», ապա ցանկալի է դիմել բժշկի եւ բացահայտել անքնության իրական պատճառը. չի բացառվում, որ կա ավելի լուրջ խնդիր, որն անհրաժեշտ է լուծել։