ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին


19:38 , 20 մայիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթին:

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գրասենյակից։

Հանդիպմանը քննարկվել են փախստականների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման, մասնավորապես՝ այդ ոլորտում միջազգային չափանիշների ներդրմանն ուղղված հարցեր:

Արման Թաթոյանը, ի թիվս այլնի, Քրիստոֆ Բիերվիրթին է ներկայացրել նաև ապրիլի սկզբին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները:

Կողմերը հաստատել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու, համագործակցության ոլորտներն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաև կարևորել են Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների մասնակցությամբ փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանն ուղղված ուսուցողական ծրագրեր կազմակերպելու անհրաժեշտությունը: