Հավատաքննության արատավոր սկզբունքներին կարող ենք ավելացնել ևս մեկը՝ «դասականների բանակից ե՞ս, թե՞ ռաբիզի»


17:40 , 20 մայիս, 2016

Տարիներ առաջ «Ազատ գոտի» հաղորդաշարում տեղի ունեցավ «Դասականն ընդդեմ ռաբիսի (6/8-ի)» քննարկումը, որտեղ ինձ (ու թերևս ոչ միայն ինձ) զարմացրեց հայտնի երգչուհի Աննա Մայիլյանի պահվածքը։ Երկար որոնումներից հետո վերջապես այն գտա համացանցում (հղումը տես ստորև)։

Տաղավարում երգում էր Գյումրվա կենդանի լեգենդ Ալիկ Գյունաշյանը՝ վաթսունամյա, ալեհեր, համեստ։ Եվ ահա քննարկման մասնակիցներից մեկը՝ Աննա Մայիլյանը, լքեց տաղավարը (28:45)։ Ապա վերադարձավ ու 30:55-ին սկսեց բացատրել իր դուրս գալու պատճառը։ Սկսեց իբր թե կոռեկտ հնչերանգով՝ «ոչ թե դեմ եմ երգչին» և այլն, «բայց սա այն երաժշտությունը չէ, որը ես կարող եմ կանգնեմ և լսեմ»՝ ու քամահրանքն ակնհայտ դարձնող խնդոց։

Ես ուշադիր լսեցի նաև Աննա Մայիլյանի մյուս բացատրությունները՝ արդեն քննարկման 2-րդ մասում։ Օրինակ՝ «Այն երաժշտությունը, որը ինձ չի ոգևորում և ավել կարևոր գիտելիք չի տալիս, ես ուղղակի լքում եմ այդ երաժշտությունը» (1:15):

Շատ զարմանալի ու ցավալի է, երբ այսպիսի բարձրակարգ երգչուհին իրարից չի տարբերում սկզբունքայնությունն ու անտակտությունը։ Եթե տանդ մեջ հանկարծ հնչի քեզ ատելի երաժշտությունը, ապա փոխի ալիքը, թե ուզում ես սիրտդ հովացնել՝ մի հատ էլ վատ խոսք ասա։ Կամ էլ քննադատական հոդված գրի նրա դեմ։ Բայց դու հեռուստատեսային դաշտում ես ու ցուցադրաբար լքում ես տաղավարը քո կոլեգայի կատարման ժամանակ։ Այն էլ՝ Ալիկ Գյունաշյանի, որ հաստատ արժանի է գոնե տարրական հարգանքի, անկախ նրանից՝ սիրում ու ընդունում ես նրա արվեստը, թե չէ։ Դեռ տարիքային տարբերության ու սպիտակ մազերի մասին չեմ խոսում։

Մարդիկ քննադատեցին նրա պահվածքը` «Չի կարելի, Աննա ջան. իմ դաստիարակությունը թույլ չէր տա» (Նանա), «Դա կուլտուրայի պակաս է» (Վարդանյան): Իսկ Ալիկ Գյունաշյանը խելոք ժպտալով լսում էր։

Ալիկի այդ երգը թերևս իսկապես նրա լավագույններից չէր, ինչպես ասաց Մարտին Վարդազարյանը։ Բայց սա, իհարկե, բացարձակապես կապ չունի քննարկվող հարցի հետ։

Ռաբիզն էլ է մեր մշակույթի մի մասը՝ իր «լավ ու վատ» կողմերով։ Ես ինքս տանել չեմ կարողանում ռաբիզի արտադրանքի մի հսկայական մասը, մանավանդ հղփացած տեսահոլովակներով ուղեկցվող նորաոճ արտադրանքը։ Սակայն ո՛չ կարելի է ռաբիզն ամբողջությամբ ջնջել՝ թացն ու չորը խառնելով կամ էլ ջայլամավարի նրա գոյությունն անտեսելով, ոչ է՛լ պետք է ձևավորել քաղքենիական առճակատում՝ «դասականների բանակ» vs. «ռաբիզների բանակ»։ Նկատենք, ի դեպ, որ Աննա Մայիլյանը (1-ին մաս, 15:45) ռաբիզին հակադրվելով ասում է՝ «մեր բանակը մեծ է» (ու ծափահարություններ): Ապա 16:00-ին ընդգծված ձևով երկու անգամ արտասանում է «րաբիշ» բառը (չգիտեմ՝ որպես «ռաբիզ»-ի ստուգաբանությու՞ն, թե՞ բառախաղ)՝ երևի նկատի ունենալով անգլ. rubbish ‘զիբիլ’ բառը։

Փաստորեն՝ հավատաքննության արատավոր սկզբունքներին («աթեիստ ե՞ս, թե՞ հավատացյալ», «առաքելական ե՞ս, թե՞ ուրիշ բան» և այլն) կարող ենք ավելացնել ևս մեկը՝ «դասականների բանակից ե՞ս, թե՞ ռաբիզի»։