Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծը կներկայացվի հանրային քննարկման


14:32 , 20 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենքի նախագիծը կներկայացվի հանրային քննարկման. այս մասին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:

Վերջինս նշեց, որ վարչական իրավախախտումների մասին նոր օրենքը կշրջանառվի առաջիկայում, կներկայացվի հանրային քննարկման առաջիկա մեկ ամսում:

Արսեն Մկրտչյանը նշեց, որ նոր օրինագծի համաձայն կատարվել է մի քանի փոփոխություն:

Փոխնախարարը նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքում ներմուծված  է միավորների ամրագրման սկզբունքը, որը կսահմանվի հանրային սեկտորի հետ քննարկումների արդյունքում:

«Երբ շրջանառության մեջ դրվի օրինագիծը, մենք քաղաքացիական հասարակության հետ կքննարկենք հարցը, լայն լսումներ կանենք, կսահմանենք՝ ինչ միավորներ պետք է լինեն, որ այն արդարացնի, ապահովվի հավասարակշռությունը,»,- նշեց նա:

Մկրտչյանն ասաց, որ վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն կա նաև տեսանկարահանող սարքերի ակտերի՝ ուժերի մեջ մտնելու հարցի հետ կապված:

«Ազգային ժողովում պատգամավորները ևս բազմաթիվ հարցադրումներ են արել, որ ակտերն ուղարկվում են, դրանից հետո անձինք չեն կարողանում բողոքարկել: Այս իրավունքի իրացման ապահովման համար ամրագրել ենք, որ եթե վարչական իրավախախտում է, ուժի մեջ չի մտնում միանգամից, իսկ եթե բողոքարկվում է, կազմակերպվում են լսումներ, հարցը քննարկվում է, միայն չբողոքարկման դեպքում է ակտը մտնում ուժի մեջ, տուգանվում: Հնարավորություն է ստեղծվում անհամաձայնության դեպքում իրականացնել ամբողջական վարույթ»,- նշեց արդարադատության նախարարի առաջին տեղակալը: