Հարյուրավոր «պադավատներ» կրճատվելու են, հաջո՛րդը


13:15 , 20 մայիս, 2016
Երեկ տարածված տեղեկությունը, որ կառավարությունը մտադիր է կրճատել մոտ 800 ծառայողական ավտոմեքենա, թերեւս սպասելի էր: Նման քայլը ուղղակիորեն բխում էր մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետի արած հայտարարությունից եւ հանձնարարականից:
   Չնայած որ քայլն անակնկալ չէր, բայց դրա մասին լուրը տարածվելուն պես, ակտիվ արձագանքների արժանացավ սոցցանցերում: Դրանց շարքում ամենասրամիտներից մեկը, կարծում ենք, բլոգեր Տիգրան Քոչարյանի ռեպլիկն է, որ կրճատման հետեւանքով Երեւանում 800 նոր տաքսիստ է ավելանալու, ըստ որում, կառավարության անդամների ու նրանց ընտանիքների անցուդարձին քաջատեղյակ տաքսիստ:
   Բայց դրան հասնելու ժամանակ դեռ կա: Տվյալ դեպքում հետաքրքիր է քայլն ինքնին, որպես հռչակված փոփոխությունների առաջին քայլերից մեկը:
   Իսկ ի՞նչ կրճատում է կոնկրետ նախատեսվում: Կառավարության երեկվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի վերաբերյալ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած զեկույցը թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել:
   «Ավտոմեքենաների կրճատման հարցով մենք խնդրին մոտեցել ենք փուլային եղանակով, եւ արդյունքը հետեւյալն է. առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա:
   Փոքր-ինչ մանրամասնեմ: Մենք աշխատել ենք բոլոր նախարարությունների հետ, բացի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների, բոլոր առընթեր մարմինների հետ, բացառությամբ ոստիկանության, ազգային անվտանգության եւ քննչական ծառայությունների, ինչպես նաեւ փրկարար ծառայության»,- հայտնեց Դ.Հարությունյանը:
   Նա մանրամասնեց, որ պետական բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվելու է 107, իսկ պետական մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում եւ հիմնադրամներում՝ 690 ավտոմեքենա: Ըստ որում՝ այդ մեքենաների մի մասն օգտագործվում էր հենց պետական մարմինների կողմից:
   «Առաջարկում ենք ֆինանսների նախարարին հանձնարարել՝ կառավարության հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի բյուջեից ֆինանսավորվող պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների նշածս նվազեցումը, ինչպես նաեւ կրճատված ավտոմեքենաների պահպանման ծախսերի նվազեցումը»,- ասաց Դ.Հարությունյանը:
   Նշվածից բացի, նա հայտնեց, որ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով`
   1) Արգելվում է սպասարկող (այսինքն՝ հերթապահ մեքենաների) ամրագրումը որեւէ կոնկրետ պաշտոնատար անձի: Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար ուսումնասիրություններ պետք է կատարվեն սպասարկող մեքենաների օգտագործման նպատակայնության վերաբերյալ:
   2) Բոլոր նշած մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:
   3) Պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար ՊՈԱԿ-ին, ՓԲԸ-ին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին:
   Դժվար չէ նկատել, որ թվարկված կետերը նպատակաուղղված են եղած ծառայողական մեքենաների շարժակազմը արդյունավետ օգտագործելուն, ավելի ճիշտ՝ անարդյունավետ կամ կամայական շահագործման սողանցքերը «փակելուն»:
   Կարելի է, իհարկե, ասել, որ որպես կոնկրետ քայլ, ծառայողական մեքենաների կամ ինչպես հաճախ ասում ենք՝ «պադավատների» կրճատումը արդարացված քայլ է: Սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրի համար այդքան ծառայողական մեքենա շահագործելը իսկապես ճոխություն է ու բոլորովին չարդարացված ծախս:
   Ցավալի է, իհարկե, որ 7-8 հարյուր մարդ նոր աշխատանք գտնելու խնդրի առաջ է կանգնելու: Բայց, մյուս կողմից էլ, նման քայլը նշանակում է առնվազն 800 մեքենաների վրա կատարվող շահագործման ու սպասարկման ծախսերի կրճատում:
   Հասկանալի է, իհարկե, որ նկատելի միջոցներ կտնտեսվեն, չնայած այս քայլի դեպքում էական է ոչ միայն նյութական կողմը: Ամեն դեպքում չնշվեց, թե ինչ կարգի գումարներ տնտեսելու մասին է խոսքը:
   Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչ են արվելու կրճատված մեքենաները: Կարելի է ենթադրել, որ դրանք աճուրդի կհանվեն կամ այլ կերպ կիրացվեն: Եթե իրոք այդ մեքենաներն այս կամ այն կերպ վաճառվելու են, ապա, կարծում ենք, միանգամայն արդարացված կլինի գոյացած հասույթն ավելացնել պաշտպանական ծախսերին կամ ուղղել սոցիալական խնդիրների լուծման:
   Մեր տեսանկյունից այս քայլը միանգամայն տեղին է, մանավանդ որ օրերս նման մի բան էլ մենք էինք առաջարկել: Ճիշտ է, մեր առաջարկությունը փոքր-ինչ այլ շեշտադրում ուներ: Հարցը ոչ միայն «պադավատների» թվի կրճատումն է: Բանն այն է, որ բազմաթիվ պաշտոնյաներ՝ նախարարներ, փոխնախարարներ կամ, ասենք, դատավորներ, դատախազներ, քննիչներ եւ այսպես շարունակ, դատելով իրենց իսկ լրացրած եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրերից, ունեն ներկայանալի ավտոմեքենաներ: Մարդիկ կան՝ անգամ մի քանիսն ունեն:
   Կարծում ենք, որ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե նրանք շահագործեն իրենց իսկ սեփական ավտոմեքենաները: Չէ, իսկապես, ինչո՞ւ պետք է պետական բյուջեից հավելյալ ծախս արվի առնվազն մեքենա ձեռք բերելու համար: Առհասարակ արժե էապես խստացնել նաեւ չկրճատվող մեքենաների շահագործման, այսինքն՝ վառելիքի, պահեստամասերի ձեռքբերման ծախսերը:
   Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ հիշյալ կրճատումն առաջին փուլն է: Ասել կուզի՝ այս քայլը շարունակություն է ունենալու: Կարծում ենք, շարունակության մեջ արժե ուսումնասիրել նաեւ այն գերատեսչությունների ծառայողական շարժակազմը, որոնք այս անգամ չեն դիտարկվել:
   Ի դեպ, կառավարության երեկվա նիստում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, անդրադառնալով կառավարման ապարատի օպտիմալացման ուսումնասիրության վերաբերյալ վարչապետի ելույթում եղած հանձնարարականին, զեկուցել է, որ կառավարության ղեկավարի հրամանով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն իրականացնելու է ապարատի օպտիմալացման իրավիճակային վերլուծություն եւ ներկայացնելու է առաջարկություններ: Բայց դա՝ հաջորդ շաբաթվանից:
   Ի լրումն, կառավարության երեկվա նիստից հետո Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ այսօր 7000 քաղաքացիական ծառայության պաշտոններ կան, որոնց թվում նաեւ՝ թափուր հաստիքներ, որ կազմում են ընդհանուրի մոտ 10 տոկոսը: Հասկանալի է, որ առաջին հերթին թափուր հաստիքները կկրճատվեն: Նրա խոսքից պարզ դարձավ, որ կրճատումներ լինելու են ոչ միայն թափուր հաստիքների հաշվին: