ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից 41 ավտոմեքենա կկրճատվի. Արտեմ Ասատրյան


15:48 , 19 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից 41 ավտոմեքենա կկրճատվի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ կրճատումներ է իրականացրել նախարարությունը՝ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Բոլոր հանձնարարականները, որոնք տրվել են վարչապետի կողմից, մանրամասն քննարկելուց հետո կընդունվեն արդյունավետ և օպտիմալ որոշումներ»,-ասաց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ որոշումներն այնպիսիք կլինեն, որոնք սոցիալական լարվածություն չեն առաջացնի:

Դիտարկմանը, թե ինչի՞ց ելնելով լարվածություն չի առաջանա՝ հաշվի առնելով հանգամանքը, որ առանց այդ էլ աշխատատեղերի խնդիր կա, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Պետք է աշխատանքի արտադրողականությունը բարձրացվի։ Բնականաբար, հարցադրումները միշտ համարել ենք ճիշտ, այդ թվում` ուղղված պետական կառավարման մարմինների աշխատանքի արտադրողականությանը: Դա նշանակում է, որ կոմպլեքս լուծման դեպքում բոլոր խնդիրները համապարփակ կլուծվեն, և որևէ հարց չի առաջանա»:

Հարցին, թե ինչ քանակի կրճատումների մասին է խոսքը՝ սոցապնախարարը պատասխանեց, թե այս պահին որևէ կոնկրետ տեղեկատվություն չի կարող տալ, որովհետև աշխատանքային խումբ է ստեղծվել բոլոր պետական մարմինների ներգրավվմամբ, որոնք վերլուծություններ են իրականացնում և առաջարկությունները ներկայացվում են հանրապետության վարչապետին:

Ինչ վերաբերում է նախարարությունից կրճատվող ավտոմեքենաներին, նախարարն ասաց, թե դրանք համակարգի տարբեր ստորաբաժանումներին, այդ թվում՝ ՊՈԱԿ-ներին սպասարկող մեքենաներն են: Նախարարն ասաց, թե վարորդների աշխատավարձը շուրջ 80 հազար դրամ է:

Լրագրողի դիտարկմանը, թե արտասահմանում բավականին լուրջ պաշտոնյաներ հեծանիվով են աշխատանքի գնում, մերոնք չե՞ն պատրաստվում հետևել նրանց օրինակին, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում խնդիրները հենց այդպես էլ լուծվելու են:

Հարցին, թե նախարարությունում խուճապ կա՞, նախարարը պատասխանեց. «Բացարձակ»: