11:56 , 19 մայիս, 2016
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը իր եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ պայմանավորվել է «սերտորեն համագործակցել Միջերկրական ծովի երկնքում EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռի անհետացման հանգամանքների շուտափույթ պարզաբանման հարցում»: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են Ելիսեյան պալատում:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ «Ֆրանսիան պատրաստ է օգնել որոնումներում», եթե եգիպտական իշխանությունները դա ցանկանան:
Նրա խոսքով՝ ներկայում ուսումնասիրվում են А320 ինքնաթիռի անհետացման բոլոր վարկածները:
EgyptAir-ի անհետացած A320 ինքնաթիռի ավտոմատ համակարգերը աղետի ազդանշան են տվել Կահիրեի ժամանակով ժամը 04.26-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 06.26-ին): Այս մասին հայտարարել է Եգիպտոսի քաղավիացիայի նախարարությունը: Տեղեկությունը գերատեսչությանը հայտնի է դարձել Եգիպտոսի ռազմածովային ուժերի որոնողա-փրկարարական խմբի կողմից:
Իսկ SkyNews Arabia արբանյակային հեռուստաալիքը, հղում անելով Եգիպտոսի ավիացիայի նախարարության աղբյուրներին, հայտնում է, որ А320 ինքնաթիռը 2013թ. տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Կահիրեի օդանավակայանում:
Ենթադրաբար, անսարքությունը գրանցվել է ինքնաթիռի շարժիչներից մեկում 2013թ.: Այն ժամանակ ինքնաթիռն ուղևորվում էր Ստամբուլ, բայց ստիպված է եղել վերադառնալ: Մասնագետները շարժիչներից մեկի արձանագրել են գերտաքացում:
EgyptAir ավիաընկերության Փարիզից Կահիրե ուղևորվող ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Օդանավը դուրս էր եկել Շառլ-դե-Գոլի օդանավակայանից, ինքնաթիռում եղել է 66 մարդ՝ 56 ուղևոր, այդ թվում՝ 3 երեխա, և անձնակազմի 10 անդամներ: EgyptAir-ը ստեղծել է օպերատիվ շտաբ, որի մեջ ներառվել են բոլոր ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները։ Որոնումներով զբաղվում է Եգիպտոսի և Հունաստանի ռազմական ավիացիան։