Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյան. «Հոգեբանական խնդիրներ չեմ ունեցել, պարզապես Եվրոպայի առաջնությանը լիարժեք պատրաստ չէի»


19:32 , 18 մայիս, 2016

Armfootball.com-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին մարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Աշխարհի կրկնակի չեմպիոնԱրթուր Ալեքսանյանընշեց, որ ներկա պահին պատրաստվում է մասնակցել Իտալիայում մայիսի 27-28-ը կայանալիք մրցաշարին:

- Եվրոպայի առաջնությունից հետո սա առաջին հավաքն է, մինչ այդ ավելի շատ անհատական մարզումներ էի անցկացնում, նաև, մինչև օլիմպիական վարկանիշային մրցաշարերը հավաքներ ենք ունեցել: Պատրաստվում եմ մասնակցել Իտալիայում կայանալիք մրցաշարին: Չգիտեմ, թե ովքեր են լինելու մրցակիցներս, բայց տեղյակ եմ, որ շատ երկրներ են պատրաստվում մասնակցել այդ մրցաշարին:

Հոգեբանական խնդիրներ չեմ ունեցել, պարզապես Եվրոպայի առաջնությանը լիարժեք պատրաստ չէի, քանի որ մեջքի ցավեր ունեի, բայց հիմա ամեն ինչ լավ է, ու, կարևորը, 100 տոկոսով պատրաստ եմ առանց վնասվածքների օլիմպիական խաղեր մեկնելու:

Ինչ վերաբերում է մրցակիցներիս, ապա յուրաքանչյուր մարզիկ, ով օլիմպիական խաղերի վարկանիշ ունի, արդեն իսկ ուժեղ է: Ինձ համար տարբերություն չկա, թե ում կհանդիպեմ: Ինչպե՞ս եմ պատկերացնում օլիմպիական խաղերի լավագույն եռյակը: Երկրորդ տեղում իրանցի մարզիկը (Ղասեմ Ռեզաի - ArmFootball.com), երրորդում` թուրք (Չենկ Իլդեմ - ArmFootball.com) ու ռուս մարզիկները: Առաջին տեղն էլ, դե, չեմ ասի:

Ինձ համար տարբերություն չկա, թե որ մարզիկը կներկայացնի Ռուսաստանը: Դա կարևոր չէ, միևնույն է Ռուսաստանի հավաքականը կազմը ես չեմ որոշում,- Ալեքսանյանի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակիցը: