18:49 , 18 մայիս, 2016
ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն առաջին եռամսյակում կրճատվել է տարեկան կտրվածքով 16 տոկոսով՝ հայտարարել է ինտեգրման և մակրոտնտեսական քաղաքականության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան՝ փոխանցում է RIA Novosti-ն։
2015 թվականի արդյունքներով՝ ցուցանիշի կրճատումը կազմել է 26 տոկոս։ Սակայն, ինչպես ավելի վաղ նշել էին հանձնաժողովում, առևտրի վերաբերյալ տվյալները վիճակագրությունում ներկայացվում են դոլարային արտահայտմամբ, ինչն ազգային արժույթների արժեզրկման հետևանքով աղավաղում է պատկերը։
«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այն (փոխադարձ առևտուրը ԵԱՏՄ-ում) ընդհանուր առմամբ կրճատվել է 16 տոկոսով։ Բելառուսում արտահանումը կրճատվել է 10 տոկոսով, Ղազախստանում՝ 20 տոկոսով, Ռուսաստանում՝ 18, իսկ Հայաստանում արտահանման ծավալը աճել է կրկնակի»,- ասել է Վալովայան Մոսկվայում լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի արտահանման ծավալի աճը կազմել է 3 տոկոս։ Նշվում է, որ ԵԱՏՄ երկրների հետ անցած տարի Հայաստանի առևտուրը 2014-ի համեմատ կրճատվել է 27 տոկոսով, սակայն առանձին ապրանքային խմբերում գրանցվել են հետևյալ ցուցանիշները։ Հայաստանը մեծացրել է ԵԱՏՄ կաթնամթերթի մատակարարումները 2.5 անգամ, բանջարեղենի և ծխախոտի մատակարարումներ՝ կրկնակի, դեղերի և կահույքի մատակարարումները՝ 50 տոկոսով։