00:35 , 19 մայիս, 2016
Artsakhpress.am-ը գրում է.
Հալեպը կրկին վերածվում է կատաղի մարտերի թատերաբեմի: Ներկայում իրավիճակը, իրոք, ողբերգական է:
Այս մասին ասել է Հալեպի հայ կաթոլիկների արքեպիսկոպոս Բուտրոս Մարայաթին` իտալական «Զենիթ» կայքին տված հարցազրույցում: Հոգեւորականն առանձնահատուկ մտահոգություն է հայտնել Սիրիայի քրիստոնյաների, մասնավորապես` հայերի վիճակի առնչությամբ: «Սիրիայի հայերն ապրում ենկրկնակի ցավ և ողբերգություն. դեռևս չամոքած 1915 թվականի Հայոցցեղասպանության վերքերը` այսօր սիրիահայերը կրկին բռնում են գաղթիճանապարհը»,-նկատել է արքեպիսկոպոսը:
Նրա խոսքով` վերսկսված հրթիռակոծություններն առավելապես ուղղված են քրիստոնյաներով բնակեցված թաղամասերին: «Հալեպը բաժանված է երկու մասի. մի մասը վերահսկում են ջիհադիստները, մյուս մասը` կանոնավոր բանակը: Իսկ ո՞վ է վճարում առավելագույն գինը: Իհարկե, խաղաղ բնակչությունը, հատկապես` երեխաները, որոնք այս վերջին օրերին անցել են դժոխքի միջով»,-ցավով նշել է նա:
Բուտրոս Մարայաթին ընդգծել է` սիրիական հիմնախնդրի կարգավորման բանալին երկու գերտերությունների` ԱՄՆ-ի և Ռուսաստանի ձեռքում է, որոնք ցանկանում են ամեն գնով պահել իրենց ազդեցությունը Սիրիայում: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա, հոգեւորականի համոզմամբ, եթե այն իրապես հետաքրքրված է փախստականների խնդրի լուծմամբ, ապա պետք է օգտագործի իր բոլոր միջոցները` դադարեցնելու այս պատերազմը:
«Մինչեւ այս պատերազմը սիրիացիները երբեք փախստական չեն եղել: Հակառակը, Սիրիան է մշտապես ընդունել փախստականների` Լիբանանից, Հորդանանից, Իրաքից... Իսկ այժմ մեր հերթն է», -նշել է նա: Հոգեւոր հայրը հիշել և հիշեցրել է նաև, որ մեկ դար առաջ Սիրիան ընդունեց հայ գաղթականներին, նրանց հնարավորություն տվեց ինտեգրվելու արաբական մշակույթին` պահելով սեփական ինքնությունը: «Մինչդեռ այսօր մենք բախվում ենք նոր իրականությանը` լքել այն ամենը, ինչ կառուցել ենք այս տասնամյակների ընթացքում և բռնել նոր գաղթի ճանապարհը: Սփյուռքահայ գրող Անդրանիկ Ծառուկյանը գրում էր Հալեպի երազների մասին, որոնք, ցավոք, այսօր մղձավանջ են դարձել»,-եզրափակել է Հալեպի հայ կաթոլիկների արքեպիսկոպոսը: