19:56 , 18 մայիս, 2016
ԱՄՆ նախագահի թեկնածուԴոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, մեկնաբանել է Ադոլֆ Հիտլերի հետ իր ամուսնու՝ վերջերս հաճախակիացած համեմատությունները: Այս մասին նա խոսել է DuJour ամսագրին տված հարցազրույցում:
«Մենք գիտենք ճշմարտությունը: Նա Հիտլերը չէ: Նա ցանկանում է օգնել Ամերիկային: Նա ցանկանում է միավորել մարդկանց»,- ասել է ԱՄՆ պոտենցիալ առաջին տիկինը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ հնարավոր է՝ իր ամուսինը պետք է ինչ-որ բաների մասին «ավելի մեղմ» խոսի, և հայտարարել է, որ եթե Թրամփն իսկապես կատարի մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու իր խոստումը, ապա այդ սահմանափակումը ժամանակավոր կլինի:
«Նա մարդկանց չի հետապնդում նրանց կրոնական համոզմունքների համար: Նա կարծում է, որ մենք պետք է իմանանք՝ ով է գալիս մեր երկիր: Եթե դա չիմանանք, ապա կարելի է ասել՝ ոչ մի երկիր էլ չկա: Նա ցանկանում է միավորել երկիրը, միավորել մարդկանց և վերադարձնել աշխատատեղերը»,- ասել է տիկին Թրամփը:
Փարիզյան ահաբեկչություններից հետո Թրամփը հանդես է եկել հօգուտ մուսուլմանների համար ԱՄՆ մուտքի «համընդհանուր և ամբողջական արգելքի», մինչև իշխանությունները հասկանան, թե՝ «սատանան տանի, ինչ է կատարվում»: