ՖԻԴԵ-ի նախագահը Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում է շախմատ խաղալ


14:46 , 18 մայիս, 2016

1382325618Araratnews.am-ը գրում է.

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է շախմատային ֆեդերացիայի հովանու ներքո ինտերնետային խաղ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նախաձեռնության հիմքում այն գաղափարն է, որ շախմատը նպաստում է փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը, հայտնում է Ռիա Նովոստին:

Նշվում է, որ Իլյումժինովն իր այդ նախաձեռնության մասին առաջինը տեղյակ է պահել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով մեծ ուրախությամբ ընդունել է առաջարկությունը։

«Ադրբեջանի ղեկավարության հետ կհանդիպեմ Բաքվում, մայիսի 24-ին և կառաջարկեմ այդ նախաձեռնությունը»,- ասել է ՖԻԴԵ-ի նախագահը Sputnik-Armenia ռադիոկայանի եթերում:

ՖԻԴԵ-ի նախագահի խոսքով՝ Հայաստանում և Ադրբեջանում ապրող ցանկացած մարդ, ով կցանկանա մասնակցել այդ խաղին, կստանա այդ հնարավորությունը։ Նրա համոզմամբ` աշխարհի ցանկացած հակամարտություն պետք է լուծվի շախմատային սեղանի շուրջ, իսկ պատերազմները պետք է տեղի ունենան միայն շախմատային տախտակի վրա։