Սահմանամերձ Բաղանիսում հանդիսությունների սրահի կարիք կա


13:48 , 18 մայիս, 2016

սահմանամերձ գյուղAraratnews.am-ը գրում է.

Սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակի, ամենօրյա, նաև սովորական թվացող կրակոցների ու գյուղացիների առօրյա խնդիրների մասին araratnews.am-ը զրուցեց սահմանամերձ մի քանի համայնքների ղեկավարների հետ:

Գյուղապետների խոսքով՝ կրակոցները, որոնց ձայներն ամեն օր են լսում, նոր բան  չեն և ապրիլին չէ, որ սկսվել են. դրանք միշտ են եղել: Օրինակ՝ սահմանամերձ Բերդավանում ապրիլյան պատերազմից հետո համեմատաբար կրակոցները պասիվացել են, բայց շարունակում են ամենօրյա բնույթ կրել.«Կարող է դուք էստեղ լինեք՝ զարմանաք, բայց մեզ համար շատ սովորական են դարձել այդ կրակոցները: Այդ օրերի ընթացքում մեծ ծավալի վնասներ չեն եղել, բայց գյուղացիները հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, իսկ մեր խաղողի այգիները սահմանին մոտ է, անընդհատ կրակում են ու չեն թողնում, որ մարդիկ իրենց այգիները մշակեն»,-մեզ հետ զրույցում գյուղի հիմնական խնդիրներին անդրադառնալով՝ նշեց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը և հավելեց գյուղում առկա խնդիրների շարքը.«Եթե գյուղ, ուրեմն գյուղատնեսություն ու ոռոգման ջրի խնդիր: Իհարկե էլի շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ կան, որոնք մինչև չլուծվեն՝ ոռոգման ջրի խնդիրը չի լուծվի»:

Նշված խնդիրների լուծումը կարևոր է, սակայն գյուղապետը առանձնացրեց Բերդավանի ամենակարևոր խնդիրը.«Մի հարց կա, որ բոլոր օղակներում բարձրացրել ենք: Գլխավոր մայրուղուց 2 կմ դեպի համայնքի կենտրոն ասֆալտապատման խնդիր կա: Եթե բնակչությունից ես բողոք եմ ստանում, առյուծի բաժինը այդ ճանապարհահատվածի հետ է կապված: Անկեղծ որ ասեմ՝ էս դեպքերից հետո նպատակահարմար չեմ գտնում, որ նորից բարձրաձայնեմ սրա մասին»:

Մեր հարցին՝ թե վերջին ամիսներին հիմնական ինչ վնասներ է կրել գյուղը՝ Արարատ Գաբրիելյանը պատասխանեց.«Այս երկու ամիսների ընթացքում էդպիսի վնասներ չեն եղել, բայց անցած տարի սեպտեմբերին հրթիռակոծվեց գյուղը և շատերի տները վնասվեցին, որոնց համար կառավարությունը արդեն փոխհատուցում տվել է»:

Եթե Բերդավանում գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խնդիրը ոռոգման ջուրն է, ապա սահմանամերձ Վահան գյուղի թիվ մեկ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է.«Մենք, ճիշտ է, կառավարության կողմից ուշադրության կենտրոնում ենք, բայց մեր համայնքը մեծ է, բնակչությունը մոտավորապես՝ 1200: Գյուղացիները հիմնականում հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում, բայց աշխատատեղերի լուրջ խնդիր կա»,-նշեց Վահանի համայնքապետ Գուրգեն Բալյանը և հավելեց, որ չնայած խնդիրներին ու ամենօրյա կրակոցներին՝ գյուղացիների մոտ մարտական տրամադրվածություն է ու չեն ընկճվում:

Սահմանամերձ Այգեպարում ևս կրակոցներ լինում են, բայց ինչպես տեղեկացանք համայնքապետ Անդրանիկ Այդինյանից՝ կրակոցները համեմատաբար պասիվ բնույթ են կրում.«Դե, հիմա իրենց կողմից այդքան էլ ակտիվություն չի նկատվում, երեխաները նորմալ գնում են դպրոց, մանկապարտեզ, ժողովուրդն իր սովորական հոգսերով է, իր աշխատանքներով է զբաղվում»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե գյուղացիները հիմնականում ինչ վնասներ են կրել և ինչի կարիք ունի գյուղը. գյուղապետը պատասխանեց.«Քանի որ մեր դիմացինն անվստահելի  է, մենք ավելի շատ բարոյահոգեբանական վնասներ ենք կրել: Մարդիկ շան անհանգստացած են և մենք այսօր խաղաղության կարիք ունենք»:

Մովսես գյուղում, ինչպես բոլոր սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս կրակոցների ձայները սովորական են դարձել: Մովսեսի համայնքապետ Արարատ Ավալյանի խոսքով՝ գյուղում ժողովրդի տրամադրությունը նույնն է, ինչ 25 տարի առաջ՝ մարտական.«Այսօր ամեն մեկն իր առօրյա հոգսով է զբաղված: Սեպտեմբերից հետո մեզ մոտ արտառոց կրակոցների դեպքեր չենք ունեցել: Այդ ժամանակ տները մասնակի վնասվել են, հիմնականում վնասվել են տանիքները, պատուհանները, մեքենաները ու այլ գույք»,-ասաց գյուղապետը և նշեց.«Մեր գյուղացիները և ընդհանուր համայնքը, հայ ժողովուրդը խաղաղության կարիք ունի, ուրիշ ոչ մի բանի, մենք ստեղծող, արարող ազգ ենք ու որ խաղաղություն լինի՝ ուրիշ ոչ մի բանի կարիք էլ չի լինի»:

Սահմանամերձ գյուղերից Բաղանիսում էլ այս օրերին կրակոցները համեմատաբար ավելի պասիվ են: Վերջին անգամ գյուղը գնդակոծվել է ապրիլի 6-ին.«Ամսի 6-ից հետո վիճակն ավելի հանգիստ է, բայց մեր դիրքերի ուղղությամբ միշտ կրակոցներ կան: Ապրիլի 4-ին մենք նաև կամավորական վաշտ ստեղծեցինք, որը հերթապահություն է իրականացնում գյուղ մտնող ճանապարհին, որտեղից հնարավոր է դիվերսիոն փորձ կատարվի»,-գյուղում տիրող իրավիճակի մասին մենք տեղեկացանք Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանից:

Բաղանիսում նույնպես խնդիրներ կան, որոնք, ինչպես նշեց գյուղապետը՝ ժամանակի ընթացքում լուծվում են: Օրինակ՝ այս տարի տարբեր հիմնադրամների կողմից իրականացված ներդրումների շնորհիվ կվերանորոգվի գյուղի բուժկետը, կընդլայնվի ոռոգման ցանցը, ինչպես նաև պայմանավորվածություն կա՝ Բաղանիսում ջերմոցային տնտեսություն ստեղծելու վերաբերյալ.«Մեզ համար թիվ մեկ խնդիրը ֆիզիկական անվտանգությունն է, հետո աշխատատեղերի բացակայության խնդիրը»:

Araratnews.am-ի հարցին՝ թե Բաղանիսի բնակիչներն այսօր ինչի կարիք ունեն՝ գյուղապետը նշեց.«Գյուղը հանդիսությունների սրահի կարիք ունի, որ դա լիներ՝ շատ լավ կլիներ, որովհետև դա մեզ մոտ շատ պահանջված է: Գյուղում տեղի ունեցող հանդիսությունների, նաև տխուր արարողությունների համար այդպիսի սրահը շատ է պետք»: