10:40 , 18 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով դժգոհություններին, թե ինչու Հայաստան և Հայաստանից դուրս ուղղություններով թռիչքներ կատարող ավիաընկերությունների թռիչքների ժամանակ ինքնաթիռներում ոչ բոլոր ավիաուղիներն են հայերենով հաղորդում, ասաց, որ ՔԱԳՎ–ն բացի ավիացիոն և թռիչքային անվտանգությանը վերաբերող պահանջներից, այլ պահանջներ չի կարող ներկայացնել։
«Այդ մասով` ավիաընկերություններին, որովհետև Քաղավիացիան նման պահանջներ արտասահմանյան ավիաընկերությունների առաջ չի կարող դնել, բացառությամբ ավիացիոն և թռիչքային անվտանգությանը վերաբերող»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին դժգոհել էր, որ ինքնաթիռներում հայերենով հաղորդագրություններ չեն արվում։ Բացառությամբ «Ավստրիական ավիաուղիների», որևէ այլ ավիաընկերություն ինքնաթիռներում հայերենով չի հաղորդում, մինչդեռ Բիշքեկ թռչելիս Բագրատյանն ականջալուր է եղել ղրղզերենով հաղորդագրության: