Փարիզը ողջունում է ԼՂ հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները


17:20 , 17 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի իշխանությունները ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Վիեննայում անցկացված միջազգային հանդիպման արդյունքները: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը, գրում է РИА Новости-ն:
 
Նախօրեին Վիեննայում կայացել է Ղարաբաղյան հակամարտության սրման սկզբից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Բանակցություններին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պյեր Անդրիոն:
 
«Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Վիեննայում կայացած Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպման արդյունքները, որը թույլ է տվել վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ապրիլի 2-5-ը տեղի ունեցած արյունալի բախումներից հետո»,- ասել է Նադալը:
 
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման ընթացքում պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը և հայտարարել են հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառության մասին, ինչպես նաև համաձայնել են մի շարք միջոցների ընդունման անհրաժեշտության հետ, մասնավորապես՝միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը:
 
«Այդ պարտավորությունները շատ մեծ նշանակություն ունեն: Ֆրանսիան կոչ է անում կողմերին պահպանել դրանք և կշարունակի որպես միջնորդ հանդես գալ իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ»,- հայտարարել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը: