«Հրապարակ». Օմբուդսմենը ազատել է կադրերի 20 տոկոսին


10:34 , 17 մայիս, 2016

«ՄԻՊ գրասենյակում կադրային ինտենսիվ փոփոխությունները շարունակվում են։ Օմբուդսմեն, բայց հոգով ու սրտով չինովնիկ Արման Թաթոյանի պաշտոնավարման երեք ամսում, մեր հաշվարկով, մոտ 10 աշխատակցի Է հրաժեշտ տվել, այսինքն՝ իր աշխատակազմի 20 տոկոսին։ Եվ սա այն դեպքում, երբ Թաթոյանը դեռ չի հասցրել ոչ թե 10, այլ գոնե մեկ մարդու մատից փուշ հանել կամ միջամտել որևէ աղմկոտ միջադեպի՝ մարդկանց աջակցելու նպատակով։ Հեռացածներից միայն մեկն է մինչև Թաթոյանի նշանակվելը դիմում գրել՝ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։ Մյուսները Թաթոյանի գալուց հետո են ազատվել, ինչը նշանակում է, որ սպասել են՝ տեսնեն, թե արդյոք նոր պաշտպանը կցանկանա իրենց հետ աշխատել, բայց համոզվել են, որ ճիշտը գնալն է։ Նրանց համար նոր գործ գտնելը բարդ է լինելու, նկատի ունենալով ապարատի գալիք կրճատումները։

Ի դեպ, Արման Թաթոյանը կադրերից ազատվելու կոպիտ ձև է ընտրել։ Նա սկզբում ազատվում Է ղեկավար անձնակազմից, հետո մյուսներին Է «մաքրում»։ ՄԻՊ գրասենյակի ղեկավար անձնակազմը 5 հոգի Էր՝ օմբուդսմենի 4 տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարը։ Տեղակալներից երկուսն են մնացել՝ Տաթևիկ Խաչատրյանն ու Մանուշ Միրզոյանը։ Մյուսներից  և աշխատակազմի ղեկավարից Արման Թաթոյանն արդեն ազատվել Է։ ՄԻՊ գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ աշխատանքից ազատվել Է աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը։ Աշխատակազմի նոր ղեկավար Է նշանակվել Տիգրան Մարտիրոսյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։