09:18 , 28 հունվար, 2013
Հարգելի Իմ ՀԱՅ ժողովուրդ՝ ֆեյսբուքցիներ, լրատվամիջոցներ և ամբողջ ՀԱՅ ազգ: Ձեզ մի խնդրանք ունեմ: Եկեք գոնե մեկ օր 28.01.2013 չգրենք աստղերի, հարուստների, նրանց ունեցվածքի, բարեկամների, դժբախտ դեպքերի ու ընդհանրապես նման բաների մասին: Եկեք բոլորս միասին շնորհավորենք մեր բանակի տարեդարձը: Լուսաբանենք և գրենք մեր բանակի ստեղծման օրվանից մինչ օրս ձեռքբերումների, գրավված տարածքների, բարեփոխումների մասին, մեր ֆիդայիների, ազատամարտիկների, մեր հայրենիքի ու մեր խաղաղության համար կռված ու անձնվիրաբար զոհված մեր հերոսների ու մեր բանակի ստեղծողների մասին: Այն մասին, որ այսօր մեր բանակը` զինվորից մինչև Գերագույն գլխավոր հրամանատար, իրենց թե՛ խոսքով, թե՛ զենքով և թե՛ իրենց արիությամբ ու հերոսություններով պատրաստ են անառիկ պահել մեր հայրենիքի սահմանները և պաշտպանել մեր ազգի խաղաղությունը: Եկեք այդ օրը նվիրենք մեր բանակին, բարձրաձայնենք, թե ինչ անպարտելի, հզոր ու մարտունակ բանակ ունենք: Եվ ինչպես ես իմ նախկին նյութի մեջ եմ նշել, «Բանակ, որտեղ ծառայում են ամենախիզախ հայորդիները: Այն ճշմարտությունը, որ այսօր Հայ մարդը կարող է գլուխը հանգիստ դնել բարձին, դա ապացույց է, որ մեր բանակը հզոր է, ու Աստված մի առասցե, եթե մի օր էլի ստեղծվի լարված իրավիճակ, մենք հաղթանակած ենք դուրս գալու, քանի որ ունենք հզոր, կայուն ու Հայկական Բանակ»:
Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են,
Եվ թող իմանան բոլորը`
Մեր անունն է հայկական բանակ։