Ամենաիդեալական ԸՕ-ն, որը կհավակնի որպես բեսթսելեր ստանալու Նոբելյան մրցանակ, ի վիճակի չէ որևէ բան փոխել. Նաիրա Զոհրաբյան


17:52 , 16 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում մտքերի փոխանակման ժամանակ Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքի և կից ներկայցված օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցի շուրջ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ միջազգային կառույցների գնահատականներին և նշեց, որ   ժամանակակից աշխարհը մի պարզ բանաձև ունի՝ ընտրությունները պետք է անցնեն արդար և թափանցիկ:

«Միջազգային հեղինակավոր կառույցները երկար ժամանակ չէին հասկանում, թե Հայաստանում այս ի՞նչ մեծամասնական ու համամասնական դիլեմա է, և ինչո՞ւ է հանրությունը դեմ մեծամասնական համակարգին: Նրանց համար կարևոր չէ ընտրությունը համամասնական, թե մեծամասնական է, քանի որ կարևորն արդար ընտրություններն են: Սակայն երկար ժամանակ անց մեր եվրոպացի գործընկերները հասկացան, որ մեզանում խնդիրը ոչ թե համամասնական կամ մեծամասնական ընտրություն է, խնդիրը քվեարկած ցուցակների հրապարակելը կամ չհրապարակելը չի, խնդիրն այն չէ, որ տասը մատով կգնան էլեկտրոնային քվեարկության, ոտքի մատներն էլ հետը կդնեն, թե ոչ, այլ խնդիրն այն է, թե արդյոք մեր երկում կա քաղաքական կամք գոնե մեկ անգամ անցկացնել ազատ և արդար ընտրություն»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ՀՀ-ում, առանց բացառության , բոլոր իշխանություններն ապացուցել են, որ եթե չկա ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ապա որևէ մեխանիզմ չի օգնի: «Ամենաիդեալական Ընտրական օրենսգիրքը, որը կհավակնի որպես բեսթսելեր ստանալու Նոբելյան մրցանակ, միևնույն է,  ի վիճակի չէ որևէ բան փոխելու:  Հարգելի գործընկերներ, պետք չէ դոնկիխոտյան պայքար մղել, որ ընտրացուցակները հրապարակվի, որովհետև կհասնենք նրան, որ բոլոր առաջարկներն ընդունվեն, բայց միևնույն է, այս ամենը երաշխիք չէ, որ 2017 թվականին ունենալու ենք ազատ և արդար ընտրություններ: Իսկ քաղաքական կամքի պարագայում, նույնիսկ գործող Ընտրական օրենսգրքով կարել է ազատ և արդար ընտրություններ անցկացնել»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝մեր օրենքները շատ լավ են մեր երկում, համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին, խնդիրը միայն ցանկանալն է: «Ի դեպ քաղաքական կամք ասածս չի վերաբերում միայն իշխանությանը, քաղաքական կամը վերաբերում է նաև ընդդիմությանը, թեպետ, միանշանակ պատասխանատուն իշխանություն է»,-հավելեց նա: