Վրաստանը վերադարձրեց տարանցիկ երկրի դերը շնորհիվ Ադրբեջանի հետ 20 տարի առաջ կնքված պայմանագրի. Կալաձե


17:12 , 16 մայիս, 2016

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ընդգծել է «Արևմուտք-Արևելք» էներգետիկ միջանցքի դերը, որը նախատեսված է համաշխարհային շուկաներ ադրբեջանական նավթի արտահանման համար:

Վրաստանն ու Ադրբեջանը նշում են «Արևելք-Արևմուտք» էներգետիկ միջանցքի 20-ամյակը, որի հիմքում ընկած է «Բաքու-Սուփսա» նավթամուղը: Այդ նպատակով Թբիլիսի են ժամանել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն ու էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը:

Կալաձեն նրանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Դա պարզապես 550 միլիոն դոլարի ներդրում չէ: Դա Վրաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական ու հաջող համագործակցության մեկնարկ է, որն ուժեղանում է տարեցտարի: Այդ պայմանագիրը Վրաստանին օգնեց վերադարձնել տարանցիկ երկրի դերը»:

«Բաքու-Սուփսա» նավթամուղի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1996 թվականին, այն շահագործման է հանձնվել 1999 թվականին: Նավթամուղն ունի 830 կիլոմետր երկարություն, իսկ թողունակությունը մոտ 7 միլիոն տոննա է (օրական 140.000 բարել):