15:00 , 16 մայիս, 2016
Ես խնդրում եմ դուք բոլորդ պարոն Բադասյանին զգուշացրեք, որ իր արտահայտությունների մեջ ուշադիր լինի, և ուշադիր լինեն Արցախի հերոսի նկատմամբ հայտարարություն անելուց. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին արված Վահան Բադասյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը հայհոյել է դիրքեր բարձրացող զինվորներին:
«Ես խնդրում եմ ձեզ՝ բոլոր լրագրողներիդ, մեկ անգամ հնարավորություն ունեցեք, ծանոթացեք գեներալ Գրիգորյանի աշխատանքային ռեժիմին»,-ասաց նա և նշեց, թե գեներալ Գրիգորյանն առավոտից երեկո գտնվում է առաջնագծում:
«Նրա քնելու ժամը երեք ժամ է, և նա երիտասարդացել է, և այլևս 90-ականների նման կռվում է, և նման միջադեպ լինել չէր կարող»,- ասաց Բաղդասարյանը և նշեց, թե արդեն սկսել են քննադատել այն մարդկանց, ովքեր հերոս են:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Մանվել Գրիգորյանի պահվածքի մասին առաջին անգամ չէ, որ հայտարարվում է, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե խոսում են այն մարդկանց մասին, ովքեր շատ գործ են անում: «Ուժերի հետ են հաշվի նստում հատկապես: Մանվել Գրիգորյանն, առավել ևս պատերազմական շրջաններում, լուրջ ուժ է ներկայացնում թշնամու համար» ,- նշեց Բաղդասարյանը: