12:58 , 16 մայիս, 2016
Ապրիլյան դեպքերի ժամանակ ու դրանից հետո նկատվում է համատարած համազգեստայնացում, բոլորի համար անհրաժեշտություն ու պատվաբեր է դարձել զինվորական համազգեստ կրելը: «Պատասխանատվություն» թեմայով ֆորումի ընթացքում անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմին ու դրան հաջորդած օրերին տեղի ունեցող իրադարձություններին, այսպիսի հայտարարություն արեց «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:
«Ամեն տեղ խոսում են մեր անվտանգության ռազմական բաղադրիչի մասին, համատարած զինվորագրման մասին: Մենք մեր հարցի պատասխանը պետք է այլ տեղ փնտրենք: Պետք է ուշադրությունը հրավիրել մեր անվտանգության քաղաքական բաղադրիչի վրա, որը շատ ավելի կարևոր է, քան ռազմական բաղադրիչը»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը, ապա ավելացրեց, թե բանակը չի կարող լինել մեր անվտանգության գլխավոր երաշխիքը:
«Բանակ կարող է լինել երաշխիքներից մեկը, բայց ոչ միակը և գլխավորը, հենց բանակը դառնում է անվտանգության գլխավոր երաշխիքը, բնականաբար, դեպքերը զարգանում են առաջին գծում»,- նկատեց Գեղամ Բաղդասարյանը:
Նրա համոզմամբ՝ շփման գծում դեպքերը զարգացել են միայն այն պատճառով, որ դրանք չեն զարգացել քաղաքական հարթակում:
«Նկատել եմ, որ Ղարաբաղի իշխանությունները ռազմական հագուստով են ներկայանում հանդիպումներին: Ըստ երևույթին, սա միանգամայն հարիր է առկա իրավիճակին. քաղաքացիական հագուստով ասելիք մենք չունենք, մենք ունենք զինվորական հագուստով ասելիք, և դա արեց մեր զինվորը, ու իր «մեսիջն» ուղղեց համայն աշխարհին»,- նշեց բանախոսը:
Շարունակելով խոսքը՝ Գեղամ Բաղդասարյանն ասաց, թե ժողովրդի կողմից չվերահսկվող իշխանությունը վերահսկվում է ուրիշների կողմից ու դառնում սպառնալիք ժողովրդի գլխին:
«Սրանք այն թեմաներն են, որի շուրջ մենք պետք է խոսենք մեր շարքային քաղաքացիների հետ: Ցանկացած ֆորսմաժորային իրավիճակ, թե՛ մարտահրավեր է մեր գլխին կախված, թե՛ հնարավորություն, և հիմա այդ պահերից մեկն է: Զավեշտն այն է, որ իշխանությունը միշտ հնարավորությունը վերցնում է իրեն, մարտահրավերը թողնում է ժողովրդին, ու կամավորական շարժումների ձևավորումը հենց ասվածի ապացույցն է: Լծակների ճիշտ բաշխում է պետք: Բացի խելոք մտքեր արտահայտելիս, թիրախային խնդիրներ պետք է դնենք մեր առաջ ու փորձենք դրանց լուծում տալ»,- եզրափակեց Գեղամ Բաղդասարյանը: