Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի ճակատագիրը կորոշվի մայիսի 16-ին


15:04 , 14 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած Արցախի ճանաչման մասին օրինագիծը մայիսի 16-ին առավոտյան կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Երկուշաբթի կկայանա հանձնաժողովի նիստ, որի օրակարգում այդ հարցն է լինելու: Նիստի համապատասխան եզրակացությունը կուղարկվի ԱԺ», -փոխանցեց Զաքարյանը:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Ինչպես գործադիրի նիստում ասել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ