ՀՀ ԱԳՆ-ն պետք է օգտագործի Ադրբեջանի ռազմական հանցագործություններն ապացուցող մեծ բազան և դիմի Միջազգային քրեական դատարան. Է. Մարուքյան


22:16 , 13 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱԺ անկախ պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ ապրիլյան քառօրյա պատերազմական շրջանում Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների փաստով ապացուցողական մեծ բազա է ստեղծվել, որը պետք է օգտագործել:

Tert.am-ի հետ զրույցում Մարուքյանը, սակայն, նկատեց, թե պաշտոնական մակարդակում գործի նախապատրաստման և միջազգային ատյաններ դիմելու հարցում հապաղում է նկատում:

«Փաստաբաններ կան, որոնք անհատական բողոքով դիմումը ներկայացրել են, իսկ պետական մակարդակով ես որևէ բան չգիտեմ, թե ինչ է արվում, ենթադրում եմ, որ ոչ մի բան չի արվում»,- ասաց նա և նշեց, թե՝ Արտաքին գործերի նախարարությունը պետք է հարցը միջազգային ատյաններում բարձրացնի:

«Հնարավորություններ են ստեղծվել, եթե չօգտագործվի՝ կլինի հերթական բաց թողնված առիթը»,- ասաց նա և նշեց, թե դա, իհարկե, իրենց գործը չէ, բայց եթե իրավական աջակցության կարիք լինի՝ դա էլ կանեն: «Մնում է իրենք նախաձեռնեն: Չգիտեմ, գուցե  ապացուցողական բազա են հավաքում, որ դիմեն»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը կրկին հիշեցրեց, թե քանի որ Հայաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել Հռոմի ստատուտը, ապա Հայաստանը կարող է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով դիմել Միջազգային քրեական դատարան: «Բայց դա պետք է անի Արտգործնախարարությունը, որը որ չի անում»,- ասաց նա: