Թալիշը պետք է ապրի, ու դա պետք է բոլորիս համար մեկ խնդիրը դառնա այսօր


11:09 , 13 մայիս, 2016

Թալիշի դպրոցում եմ տեսել այս կոչը։ Գրադի արկից ավերված դասարանի գետնին էր ընկած՝ նստարանների տակ...
Երկու օր առաջ Երևանի Շիրվանզադեի անվ. միջնակարգ դպրոցում էի։ Տղայիս դասարանում երեխեքի համար բաց դաս էր՝ «Հաղթանակներն սկսվում են ընտանիքից» թեմայով։ Իսկ ահա Թալիշի դպրոցում էլ այլ սկզբի մասին էին մտածում։ Երկու իրականություն, որոնք այնքան նման ու այնքան տարբեր են իրարից։
Պետք է տեսնեիք՝ ինչ սիրուն և ուրախ աչուկներով էին տղայիս համադասարանցիները նայում ինձ, երբ խոստացա իրանց նամակները զինվորներին հասցնել։ Ու միայն լսեիք այն լռությունը, որն այսօր կա Թալիշի դպրոցում։ Կրթօջախ, որի ամեն անկյունը խոսում է այն մասին, թե ինչ սիրով են այստեղի մանկավարժները մոտեցել իրենց սաներին։ Որքան գիտելիք և որքան հայրենասիրություն են սովորեցրել աշակերտներին։ Երևան վերադառնալուն պես տեսանյութ կհրապարակեմ՝ կհամոզվեք։
Իսկ այսօր այդ դպրոցում ժամանակը, կարծես, կանգ է առել։ Անընդհատ թվում էր՝ թե հիմա զանգը կհնչի ու աշակերտները վազելով դուրս կգան միջանցքներ։ Բայց...
Մտածում եմ, որ այս լուսանկարում պատկերված կոչը նորից պետք է վերև բարձրացվի, ամրացվի դպրոցի մուտքի մոտ ու մշտապես լինի թալիշցի աշակերտների մտքում ու սրտում։ Թալիշը պետք է ապրի։ Ու դա պետք է բոլորիս համար մեկ խնդիրը դառնա այսօր։