10:56 , 13 մայիս, 2016
Երևանում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ավազակային հարձակում գործած անձանցից մեկը, ով հանդիպելով տանտերերի դիմադրությանը, մահացել է, նախկին ոստիկան էր. նա նախկինում հեռացվել էր աշխատանքից։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում, որ մայիսի 13-ին, ժամը 4:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում:
Շտապ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հասցեում հայտնաբերել է բնակարանատերեր Լևոն Ա.-ին, Դավիթ Ա.-ին, Սամվել Հ.-ին, ինչպես և երկու անձանց՝ մարմնական վնասվածքներով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջիններս Երևանի Պոպովի փողոցի բնակիչներ, 1991 թ. ծնված Էդգար Մանուկյանն ու 1987 թ. ծնված Հրաչյա Ֆալանջյանն են:
Ճշտվել է, որ նրանք նույն օրը, ժամը 4:00-ին, ավազակային հարձակման նպատակով լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:
Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետևանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար, նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: