19:00 , 11 մայիս, 2016
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան մոնիտորինգի համազեկուցողների հետ հանդիպումից ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված հարցերին անդրադառնալով՝ ասել են, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղհասարակության կողմից բարձրացված հարցերի մեծ մասն արդեն իսկ ընդունվել է:
Ըստ նրա՝ մասնավորապես ընդունվել են ցուցակների հրապարակման առաջարկությունները, մատների թանաքոտման, ընտրական գործընթացներում խախտումներ գրանցելու, ինչպես նաև ցուցակների մաքրման հետ կապված ընդդիմության առաջարկները:
Գագիկ Մելիքյանն ասաց, որ կոնսենսուսի հնարավորության մասին նույնպես խոսվել է, և ՀՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել քննարկել բոլոր այն առաջարկությունները, որոնք կհնչեն ԸՕ-ի նախագծի քննարկման ընթացքում և որոնց մեծ մասը նույնպես կբավարարվեն:
«Լիահույս ենք, որ կունենանք կոնսոլիդացիա քաղաքական ուժերի և քաղհասարակության հետ և լիահույս ենք նաև վերջնական արդյունքում ունենալ կոնսենսուս»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կոնսենսուսի լայն հնարավորություն կա, և փաստաթուղթ է այդ մասին պատրաստվել , Գագիկ Մելիքյանը պատասխանեց, թե տեղյակ չէ՝ հավելելով, որ եթե առաջարկություն հնչեցվել է որևէ քաղաքական ուժի կողմից, մյուսներին էլ կտեղեկացվի, այդ թվում՝ նաև իշխանական ուժին՝ նման փաստաթուղթ կազմելու համար:
«Միգուցե տարբեր քաղաքական ուժերի կողմից աշխատանքներ իրականացվում են։ Կարծում եմ՝ մեզ էլ առաջարկություն կներկայացվի, և համապատասխան պատասխանը կտանք»,-ասաց նա:
Ի դեպ, նա ասաց, որ անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցին. «Այն առումով, որ Ադրբեջանի ագրեսիայից հետո այն համախմբումն ու միասնությունը, որ կա քաղաքական ուժերի ու ժողովրդի միջև, ցանկալի է, որ նույն ձևով պահպանվի և շարունակվի»։