17:42 , 11 մայիս, 2016
Barometer.am-ը գրում է.
Mосковский Kомсомолец թերթի լրագրող Արթուր Գասպարյանն անդրադարձել է երեկ Ստոկհոլմում կայացած "Եվրատեսիլ-2016" համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ գրանցված ամենաուշագրավ պահերին, գրում է tert.am-ը։
Լրագրողը նկատել է, որ դատելով բազմահազարանոց հանդիսատեսի ծափահարությունների առատությունից` առաջին կիսաեզրափակիչի ֆավորիտներն են Ավստրիան, Ռուսաստանն ու Հայաստանը:
"Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը, ով իր LoveWave երգով շատ արտահայտիչ ու էրոտիկ կերպով հայտնվեց բեմի վրա, կրքի ցունամի էր: Նա իր գեղեցիկ ոտքերով մուտք գործեց լավագույն հնգյակ` այնտեղից դուրս թռցնելով Ավստրալիայի ներկայացուցչին",-գրել է լրագրողը` հավելելով, որ նրա ելույթն իսկապես շատ լավն էր ու համոզիչ:
Գասպարյանն անդրադարձել է նաև մեր պատվիրակի սկանդալային քայլին` ԼՂՀ դրոշի ծածանմանը:
"Մինչ շատերը վիճում էին մրցույթի կազմակերպիչների կողմից արգելված դրոշների թեմայի շուրջ, Իվետան բոլորից ծածուկ իր հետ "կանաչ սենյակ" անցկացրեց Լեռնային Ղարաբաղի դրոշն ու ամենաանսպասելի պահին` քվեարկության արդյունքների հրապարակման ժամանակ, տեսախցիկների առաջ ծածանեց այն: Ենթադրում եմ, որ դա տեսնելով` մրցույթի կազմակերպիչների "բերանները բաց են մնացել"",-շարունակել է լրագրողը:
Այնուհետև հեղինակը ներկայացրել է առաջին կիսաեզրափակիչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Իվետա Մուկուչյանի մեկնաբանությունը` կապված ԼՂՀ դրոշի հետ:
"Անկեղծ ասած` ես ակնկալում էի այս հարցը: Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Ուղղակի ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի: Ես ապրում եմ Գերմանիայում, ես հայուհի եմ, բայց միևնույն ժամանակ՝ ես աշխարհի մարդ եմ, ու ուզում եմ, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը: Ահա թե ինչու բարձրացրի այդ դրոշը",-ասել է մեր երկրի ներկայացուցիչը:
Լրագրողը նշում է, որ այս խոսքերը լսելուց հետո սրահում ներկա լրագրողների մի մասը ծափահարել է, իսկ ոմանք էլ դժգոհ դեմքի արտահայտությամբ տարուբերել են գլուխները: