Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորի գործով ՊԵԿ-ը ստուգումներ կսկսի, երբ իրավական հիմքեր ունենա. Վախթանգ Միրումյան


14:42 , 11 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

«Պանամայի փաստաթղթեր» կոչվող հայտնի սկանդալի շրջանակներում բացահայտված ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային գոտիներում ունեցած բիզնեսի հետքերով Պետական եկամուտների կոմիտեն առայժմ ոչինչ չի ձեռնարկել: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

«Հարկային մարմինները անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ հսկողություն իրականացնելու օրենսդրական հիմքեր չունեն: Հարկային մարմինները կարող են հետաքրքրվել այն դեպքերում, երբ հարկային հսկողական գործիքակազմի կիրառման արդյունքում մասնավորապես, որևէ ընկերության նկատմամբ կատարվում է պետական բյուջեի փոխհարաբերության ճշտության ստուգում և բացահայտվում է, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտիներում գտնվող կազմակերպությունների հետ և դրա արդյունքում կա բյուջե չվճարված հարկեր: Եթե կլինեն նման դեպքեր դրանց մասին կտեղեկացնենք», -հայտարարեց Միրումյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե նույնը ՊԵԿ փոխնախագահը հայտարարել էր մի քանի շաբաթ առաջ, արդյոք այդ ուսումնասիրություններն այդ ընթացքում չեն կատարվել, Միրումյանն ասաց, որ դրա համար կա ժամանակացույց և արտահերթ ստուգումներ իրենք չեն կարող կատարել:

Ինչ վերաբերում է ՊԵԿ ենթակայությամբ գործող քննչական վարչությանը, ապա Միրումյանը տեղեկացրեց, որ իրենզ քննչականը պետք է ստանա հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի որոշումը, նոր միայն քայլեր ձեռնարկի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ