Նոր Զելանդիայի վարչապետին վռնդել են խորհրդարանի նիստից


14:36 , 11 մայիս, 2016

Նոր Զելանդիայի խորհրդարանի խոսնակ Դևիդ Քարթերը երկրի վարչապետ Ջոն Քեյից խնդրել է պալատի նիստից հեռանալ բանավեճի ընթացքում վարքի կանոնները խախտելու համար:

Նիստի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները Քեյի հետ վիճել են նրա այն պնդման շուրջ, որ Greenpeace բնապահպանական կազմակերպությունը ներառված է այսպես կոչված «պանամական դոսյեում»՝ փոխանցում է BBC-ն:

Greenpeace-ի ներկայացուցիչը վարչապետին հարցրել է, թե ինչու նա չի ցանկանում ներողություն խնդրել իր խոսքերի համար, Քեյը պատասխանել է, թե ինքը ներողություն խնդրելու պատճառ չի տեսնում:

Երբ խոսակցությունն անցել է բարձր տոների, պալատի խոսնակն անջատել է Քեյի միկրոֆոնը և վեճի մասնակիցներին հորդորել պահպանել կարգը, սակայն Քեյը շարունակել է գոռալով ինչ-որ բաներ ասել իր ընդդիմախոսին:

Դրանից հետո խոսնակը վարչապետին խնդրել է հեռանալ նիստերի դահլիճից: Նա նաև նշել է, որ նախօրեին վարչապետն արդեն խախտել էր վարքի կանոնները պալատում և նախազգուշացում էր ստացել: