13:06 , 11 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի անկախությունը դե ֆակտո ճանաչված է ոչ միայն Հայաստանի կողմից, այլև՝ Ադրբեջանի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Վերջինս ասաց, որ Ադրբեջանը դե ֆակտո ճանաչել է Ղարաբաղի անկախությունը դեռ 94թ.-ին, երբ ԼՂ իշխանությունների ներկայացուցիչների հետ ստորագրել է հրադադարի մասին եռակողմ պայմանագիր:
Հանրապետական կուսակցության փոխնախագահը նկատեց, որ Ղարաբաղի անկախությունը դե ֆակտո ճանաչվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որոնք հանդիպում են ԼՂ իշխանությունների հետ՝ անկախ դրանց տրված դիվանագիտական ձևակերպումներից:
«Ինչ վերաբերում է ԼՂ իշխանությունը դե յուրե ճանաչելուն, ապա ԼՂ դե յուրե ճանաչումը պատմական առումով այլընտրանք չունի: Այն կարող է տեղի ունենալ երկու սցենարով: Առաջինը՝ խաղաղ բանակցություններով, երբ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման շրջանակներում ԼՂ-ն ճանաչվի որպես միջազգային սուբյեկտ, դառնա ինքնորոշված պետություն: Երկրորդ սցենարը ֆորսմաժորայինն է, երբ կունենանք լայնածավալ ագրեսիա, որը ՀՀ-ին այլընտրանք չի թողնի, քան… »,- նշեց Արմեն Աշոտյանը:
Դիտարկմանը, թե լայնածավալ ագրեսիան տեղի ունեցավ, բանակցություններն էլ չեն ընթանում, Աշոտյանն այսպես արձագանքեց. «Հայաստանը դրել է բանակցությունները վերսկսելու նախապայմաններ, Հայաստանը դրել է համապատասխան միջավայր ստեղծելու կարևորություն, ու դա չի նշանակում, որ բանակցային գործընթացը վիժեցվել է: Երբ խոսում ենք ագրեսիայի մասին, հարձակման ծավալը չէ, խնդիրը նախ քաղաքական հարթությունն է: Մենք հարյուր զոհերի արյամբ կարողացանք պաշտպանել այն, ինչ ունենք՝ հայկական երկու պետականությունները: Հավատացնում եմ՝ առաջին իսկ պատեհ պահի պարագայում, երբ չմնա բանակցային գործընթացի որևէ հեռահար հնարավորություն, երբ միջազգային գործընկերների ջանքերը փաստվեն որպես ապարդյուն, մենք կճանաչենք ԼՂ անկախությունը: Որքան ժամանակ անցավ քառօրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, փաստերը կան, չի էլ քննարկվում, թե ով է սկսել: Բանակցությունները շարունակելու հետ կապված համապատասխան պայմաններ դնելով, Հայաստանը, բնականաբար, հարգելով ՄԽ մանդատը, ակնկալում է հասցեական հայտարարություններ, վստահության մթնոլորտի ստեղծում, հետաքննության մեխանիզի ներդրում և այլն»: