Նախագահը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը անհրաժեշտ է համարել Ադրբեջանի ԶՈւ հանցագործություններին միջազգային հանրության համարժեք արձագանքը


19:50 , 10 մայիս, 2016
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
 
Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին:
 
Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ Նախագահն ընդգծել է նման անթույլատրելի և դատապարտելի երևույթներին միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների կողմից համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
 
Հանդիպման ընթացքում նշվել է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
 
Կողմերը երկուստեք ընդգծել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: