18:06 , 10 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Տեսականորեն հնարավո՞ր է, որ ՎՏԲ բանկում գրավադրված «Հրազդան-ցեմենտ» գործարանի կուտակած պարտքերից շուրջ 504 միլիոն դրամի տույժը ներելու օրինագիծը, որը 4-րդ անգամ է բերվում ԱԺ, անընդհատ բերվի:
Այս մասին ԱԺ-ում «Հրազդան- ցեմենտ» գործարանի մոտ 504 միլիոն դրամի տույժերը ներելու մասին օրինագծի քննարկմանը հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ասելով. «Ասացիք, որ, քանի որ ճիշտ եք համարում, դրա համար նորից բերել եք պառլամենտ: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ տեսականորեն չեք բացառում, որ մի անգամ էլ մերժվի, էլի կբերեք, կամ տենց մի տասն անգամ: Կամ այնպես պաշարեք, որ ուղղակի կհանձնվենք և ստիպված տուն գնալու համար կհամաձայնենք ձեր առաջարկներին»,-հայտարարեց Լևոն Զուրաբյանը` դիմելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին:
Ինչի կապակցությամբ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ զուրաբյանենք հանձնվողը չեն:
Հիշեցնենք, որ թեպետ, օրինագիծը նախորդ անգամ` ապրիլի 26-ի նիստում տապալվեց քվորումի բացակայության պատճառով, սակայն կառավարության ներկայացուցիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել էր, որ դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառով:
Լևոն Զուրաբյանը նաև հայտարարեց, որ կառավարությունը սելեկտիվ ներողամտություն է ցուցաբերել Միխայիլ Բաղդասարովի նկատմամբ:
Նա կրկին հարցրեց` եթե կառավարությունն ասում է, որ ոչ մի փոփոխության չի ենթարկվել նախագիծը, ապա ինչու են այն չորրորդ անգամ բերում:
«Մենք ուզում ենք հասկանալ` ինչքա՞ն ժամանակում և ինչպե՞ս են կուտակվել այդ պարտքերը և տույժերը, որովհետև, սովորաբար, հարկայինը բավականին դաժան է գործում, ինչո՞ւ էին ստեղծել նման խնայողական ռեժիմ»,-կառավարությանը հարց ուղղեց Լևոն Զուրաբյանը և ավելացրեց նաև ` ինչու է ՎՏԲ բանկի կողմից նման հանգիստ վերաբերմունք նման քանակի պարտքերի կուտակման շուրջ:
«Իրենք վարկատուն էին, իրենք պետք է հետևեին, բանկերն իրենց վերահսկողությունն ունեն, ուր է նայել ՎՏԲ բանկը»,-ավելացրեց Լևոն Զուրաբյանը:
Նա նկատեց, որ, փաստորեն, վարկատուների հաշվին ապահովում են ՎՏԲ բանկի ռիսկերը և կամ այն գումարները, որ պետությունը կարող էր ստանալ, հրաժարվում է` ասելով, որ լուծում է։
Նախագծի համար հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Զուրաբյանի ասածը ճիշտ կլիներ, եթե օրենքի դրույթն այնպիսին լիներ, ինչպես Զուրաբյանը ներկայացրեց:
«Իրականում, եթե ընկերությունն անգամ սննկացման է գնում, առաջնահերթ իրավունքը պատկանում է գրավառուին, որի բաժնետոմսերը՝ որպես գրավի առարկա և երաշխիքի միջոց գտնվում են իրենց մոտ»,-տեղեկացրեց նախարարը:
Նա կրկնեց այն, ինչ ասում էր մյուս ընդդիմախոսներին, որ պետությունն իր առաջ դրել է ոչ թե ինչ-որ առևտրային բանկին արտոնություն տալու միջոց, այլ այնպես անել, որ այդ գործարանը վերագործարկվի և այնտեղ աշխատողները աշխատավարձ ստանան: